Իմաստուն խորհուրդներ: Ամենամեծ նվերը
Հիսուսի համբավը տարածվել էր ամբողջ երկրով և բազմաթիվ մարդիկ հետևում էին Նրան ու լսում Հիսուսի խրատները: Նա խոսում էր Աստծո հանդեպ հավատի, ծնողասիրության, ընկերասիրության մասին՝ նշելով, որ իսկական բարեկամը նա է, ով չի խնայում իր կյանքը ընկերոջ համար: Հիսուսը մարդկանց քարոզում էր պարկեշտության, ազնվության մասին՝ պահանջելով սուտ չխոսել, խոսքը հաստատելու համար չերդվել: Պատվիրում էր լինել բարի, գթառատ և ներողամիտ, օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Քրիստոս ուսուցանում էր, որ ով կհետևի Իր խրատներին, կնմանվի այն իմաստուն մարդուն, ով իր տունը ամուր հիմքի վրա է կառուցում և քամիներն ու անձրևները չեն կարող վնասել այդ տանը: Այդպես էլ կյանքի փորձությունները չեն կարող վնասել Իր խոսքերին հետևող մարդկանց:
Փարիսեցիները, ովքեր կրթված և օրենքի գիտակ մարդիկ էին, վեճի էին բռնվում Հիսուսի հետ, որպեսզի հեղինակազրկեն Նրան: Սակայն ամեն բանավեճից հետո մարդիկ նկատում էին, որ Հիսուսն ավելի լավ գիտի ամեն ինչ, քան դպիրներն ու փարիսեցիները: Այդ պատճառով նրանք էլ էին աշակերտների նման Հիսուսին անվանում Ուսուցիչ և Վարդապետ:
Հիսուսը տաճարում: Մի անգամ Հիսուսը Իր աշակերտների հետ կանգնած էր Երուսաղեմի տաճարի դռան առջև: Մեծահարուստները գանձանակի մեջ էին գցում ավելորդ դրամները, երբ մոտեցավ մի այրի կին և գցեց իր ունեցած երկու լուման: Հիսուսի աշակերտները չկարողացան պատասխանել Նրա այն հարցին, թե ով ավելի շատ գումար գցեց: Հիսուսը բացատրեց, որ ամենաշատը նվիրեց այրի կինը, քանի որ նա տվեց իր ողջ ունեցածը:
Պարկեշտություն և գոռոզություն: Փարիսեցին և մաքսավորն աղոթում էին տաճարում: Մաքսավորը լուռ աղոթում էր և ներում աղերսում, իսկ փարիսեցին հպարտանում էր, որ խաբեբա չէ մյուսների նման: Հիսուսն ասաց աշակերտներին, որ մաքսավորը կարող է ներվել, քանի որ ընդունել է իր սխալները: Գոռոզամիտ մարդիկ հաճելի չեն ո՛չ մարդկանց, ո՛չ Աստծուն:
Հիսուս անսահման բարի էր և շատ էր սիրում երեխաներին: Նա հաճախ ասում էր, որ մարդիկ մանուկների պես պետք է լինեն անկեղծ և մաքուր:
Սերմնացանի առակը
Հիսուս Քրիստոսը, Իր մտքերն ավելի հասկանալի և տպավորիչ դարձնելու համար, մարդկանց հետ զրուցելիս և քարոզելիս խոսում էր նաև առակներով, որոնց օրինակները վերցված էին իրական կյանքից և կենցաղից:
Մի անգամ Հիսուսն Իր շուրջը հավաքված մարդկանց պատմեց հետևյալ առակը.
Մի մարդ սերմեր է ցանում իր արտում: Ցանելիս սերմերի մի մասն ընկնում է ճանապարհի եզրին, և թռչունները ուտում են դրանք: Այն սերմերը, որ ընկնում են ապառաժի վրա, շուտ ծլում ու կանաչում են, բայց արևը ծագելուն պես չորանում են, քանի որ խորը արմատներ չեն ունենում: Որոշ սերմեր ընկնում են փշերի ու մոլախոտերի մեջ ու թեև ծլում են, բայց չեն հաջողում մեծանալ, քանի որ փշերը խեղդում են դրանց: Եվ, վերջապես սերմերի այն մասը, որ ընկնում է պարարտ հողի մեջ, աճելով` առատ բերք է տալիս:
Քանի որ հավաքվածները լավ չհասկացան առակի իմաստը, Հիսուսը մեկնաբանեց այն՝ ասելով, որ սերմնացանը նման է Իրեն՝ Հիսուսին, իսկ սերմերը՝ Աստծո խոսքին, Իր քարոզներին:
Ճանապարհին ընկած սերմերը նման են այն մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, բայց ուշադրություն չեն դարձնում: Ապառաժին ընկած սերմերը բնութագրում են նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում այն, բայց քանի որ նրանց հավատն ամուր հիմքեր չունի, դժվարության կամ նեղության ժամանակ շեղվում են ճիշտ ճանապարհից:
Փշերով ու մոլախոտերով լի հողի մեջ ընկած սերմերը նմանվում են այն մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, ցանկանում են հետևել նրան, բայց կյանքի դժվարությունները, հարստության հրապույրն ու այլ ցանկություններ գրավում են նրանց, չեն կարողանում ազատվել վատ սովորություններից, որոնք էլ փշերի նման խեղդում են Աստծո խոսքը: Իսկ պարարտ հողում հայտնված սերմերը նման են այն մարդկանց, ովքեր լսում և պահում են Աստծո խոսքը: Այդպիսի մարդկանց գործերը բարի պտուղներ են տալիս:
Որոմների առակը
Այս առակը պատմում է մի ագարակատիրոջ մասին, որը ցորեն է ցանում իր հողատարածքում: Սակայն չարակամ մարդիկ գիշերով գալիս և որոմ են շաղ տալիս ցորենի արտում: Որոշ ժամանակ անց, երբ սերմերը ծլում են և կանաչում, ագարակատիրոջ մշակները, զարմանալով, թե որտեղից հայտնվեցին որոմները, առաջարկում են տիրոջը մաքրել դրանք: Սակայն ագարակատերը թույլ չի տալիս՝ ասելով, որ որոմները մաքրելիս կվնասվեն նաև նոր ծլած ցորենի հասկերը և պետք է սպասել, որ ցորենը հասունանա, և այդ ժամանակ ցորենը հեշտությամբ կհնձեն և կամբարեն, իսկ որոմները՝ կայրեն:
Առակի մեկնաբանությունը հետևյալն է. ագարակատերը նման է Հիսուսին, իսկ ագարակը՝ աշխարհին: Ցորենի սերմերը բարի, իսկ որոմի սերմերը չար մարդիկ են: Բարի մարդկանց գործերը բարի պտուղներ են տալիս, չարերինը՝ չար: Ցորենն ու որոմն առանձնացնելը նշանակում է, որ ամեն մարդ իր գործերի համար արժանի հատուցում պետք է ստանա: Իսկ չար մարդիկ միանգամից չեն պատժվում, քանի որ այդ դեպքում հնարավոր է նեղություն կամ վիշտ պատճառել նաև բարի մարդկանց: Ու բացի այդ, յուրաքանչյուրին ժամանակ է տրվում զղջալու և ուղղվելու համար:
Բառարան
Գանձանակ - դրամը պահելու տեղ
Լումա - մանր դրամ
Ապառաժ - քարքարոտ տեղ
Պարարտ - բերրի, հարուստ
Որոմ - դառնահամ մոլախոտ
Ագարակ - դաշտ, արտ
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 60-70
http://en.elds.org/mormonbible-org/files/2012/08/jesus-multitude-mormon.jpg
https://i.mycdn.me/image?id=854089141841&t=0&plc=WEB&tkn=*3gE_4AqSwiFfrzASEb0y1FLkWQc
https://i.pinimg.com/736x/1d/a6/00/1da600e8013545b57601bc18555f171f.jpg