
















Հիսուս Քրիստոսի ծնունդը
Ազնիվ և բարեպաշտ ամուսիներ Հովակիմն ու Աննան ապրում էին Նազարեթ քաղաքում: Հովակիմը Դավթի տոհմից էր: Նրանք ունեին մի դուստր՝ Մարիամ անունով: Ամուսինները իրենց երեք տարեկան դստերը ընծայում են տաճարին՝ այնտեղ կրթվելու և ծառայելու համար: Երբ Մարիամը մեծացավ, նրան նշանեցին Նազարեթում ապրող Հովսեփի հետ, որը հյուսն էր:
Մի օր տաճարի վարագույրի համար թել մանելու ժամանակ Մարիամին հայտնվեց Գաբրիել հրեշտակը և հայտնեց, որ նա որդի կունենա, որի անունը կդնեն Հիսուս: Նա կլինի Հին Կտակարանում մարգարեների կողմից կանխատեսված Փրկիչը և մարդկությանը կփրկի մեղքերից: Սկզբում Մարիամը զարմացավ, քանի որ դեռ ամուսնացած չէր Հովսեփի հետ, սակայն հրեշտակը նրան բացատրեց, որ Հիսուսը կծնվի Սուրբ Հոգուց և կկոչվի Աստծո Որդի:

Ավետում. կոլաժ, խմբակային աշխատանք, Էջմիածնի Հայորդյաց տուն
Գաբրիել հրեշտակն այս մասին հայտնեց նաև Հովսեփին և պատվիրեց կնության առնել Մարիամին: Հովսեփը հնազանդվեց Աստծո կամքին, որ փոխանցվել էր հրեշտակի միջոցով:
Այդ ժամանակահատվածում Հռոմի Օգոստոս կայսրն անցկացնում էր մարդահամար, որին մասնակցելու համար Հովսեփն ու Մարիամը մեկնեցին Հովսեփի ծննդավայր Բեթղեհեմ: Երբ հասան Բեթղեհեմ, իջևանատներում ազատ սենյակ չգտնելով, ստիպված իջևանեցին մի քարայրում: Նույն գիշեր Մարիամը որդի ունեցավ: Երեխային բարուրեցին, և քանի որ օրորոց չկար, նրան տեղավորեցին մսուրի մեջ: Երեխային անվանեցին Հիսուս, ինչպես պատվիրել էր հրեշտակը:

Տիրամայրը՝ Մանուկը գրկին, բատիկա, Ա.Մաթևոսյան, \(18\) տ., Էջմիածնի Հայորդյաց տուն
Հիսուսի ծնվելուց հետո հրեշտակը հայտնվեց Բեթղեհեմի մարգագետիններում իրենց ոչխարներին արածեցնող հովիվներին և նրանց հայտնեց Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու ծնվելու մասին: Հովիվները գնացին քարայր՝ տեսնելու Մանկանն ու խոնարհվելու Նրան:
Հիսուսի ծնունդով երկնքում մի մեծ, փայլատակող աստղ հայտնվեց: Այս աստղը տեսնելով՝ երեք իմաստուններ՝ մոգեր, որոնք բնակվում էին արևելքում, հասկացան, որ ծնվել է մարգարեների կանխատեսած Փրկիչը:
Հիսուս ծնվեց մի երկրում, որտեղ իշխում էր Հերովդես թագավորը: Մինչ Բեթղեհեմ հասնելը նրան հյուրընկալվեցին մոգերը: Երբ թագավորը լսեց, որ Փրկիչ է լույս աշխարհ եկել, կարծեց, թե նա պետք է թագավորի իր փոխարեն:
Որոշելով մանուկ Հիսուսին սպանել՝ Հերովդեսը մոգերին խնդրում է իրեն տեղյակ պահել մանկան գտնվելու վայրի մասին, որ ինքն էլ կարողանա այցելել նրան:
Գիշերը հրեշտակ երևաց մոգերին և զգուշացրեց, որ վերադառնալիս այլ ճանապարհով գան: Մոգերը հասան քարայր, մոտեցան Հիսուսին և ծնկի իջնելով՝ մատուցեցին իրենց նվերները:
Նույն հրեշտակը հայտնվեց նաև Հովսեփին, խորհուրդ տվեց նրան ընտանիքի հետ գնալ Եգիպտոս և որոշ ժամանակ այնտեղ ապրել: Հովսեփն ու Մարիամը Հիսուսի հետ միասին վերադարձան Նազարեթ միայն Հերովդեսի մահից հետո:
Պատանին տաճարում
Ամեն տարի Զատկի տոնին հրեաները գնում էին Երուսաղեմ՝ մասնակցելու մեկ շաբաթ տևող տոնակատարությանը: Երբ Հիսուսը դարձավ տասներկու տարեկան, Հովսեփն ու Մարիամը իրենց հետ Երուսաղեմ տարան նաև Նրան:
Տոնակատարությունից հետո վերադարձի ճանապարհին Հովսեփն ու Մարիամը, որ կարծում էին, թե Հիսուսն իրենց ազգակիցների հետ է, հանկարծ պարզեցին, որ Նա մնացել է Երուսաղեմում ու ստիպված ետ դարձան:

Քաղաքում երկար ժամանակ փնտրելուց հետո նրանք Հիսուսին գտան տաճարում՝ օրենքի ուսուցիչների հետ զրուցելիս: Մարիամը շատ զարմացավ, որ հնազանդ որդին առանց զգուշացնելու մնացել է տաճարում և ասաց, որ իրենք երկար ժամանակ Նրան էին փնտրում: Հիսուսը պատասխանեց.
-Ինչո՞ւ էիք ուրիշ տեղ փնտրում: Չգիտեի՞ք, որ ես Հորս տանը պետք է լինեմ:
Այս պատասխանով Հիսուսը հայտնեց, որ Ինքն Աստծու Որդին է:
Բառարան
Ընծա - նվեր
Հյուսն - փայտագործ վարպետ
Ավետել - բարի լուր հայտնել
Հիսուս - թարգմանաբար նշանակում է փրկիչ
Մեղք - հանցանք
Մարդահամար - երկրի բնակիչներին հաշվառելու գործողություն
Բեթղեհեմ - քաղաք Պաղեստինում
Իջևանատուն - հյուրանոց, գիշերելու վայր
Մսուր - գոմում այն վայրը, որտեղ կենդանիների համար խոտ է լցվում
Քրիստոս - թարգմանաբար նշանակում է օծյալ
Մոգ - Հին Արևելքում մոգ էին անվանում կրթված ու իմաստուն մարդկանց, որոնք գիտություններից ուսումնասիրում էին հատկապես աստղագիտությունը
Օրենքի ուսուցիչ - Հին Հրեաստանում Աստծու օրենքների և պատվիրանների գիտակ
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան,; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 37-43
http://media.ldscdn.org/images/media-library/gospel-art/new-testament/christ-doctors-temple-art-lds-710197-wallpaper.jpg