Հիսուս Քրիստոսի խաչելությունը, թաղումն ու հարությունը
Հիսուս Քրիստոսի ձերբակալության հաջորդ օրը Նրան տարան Հրեաստանի հռոմեացի կուսակալ Պիղատոս Պոնտացու մոտ: Վերջինս հրեաներին հարցրեց, թե որն է Հիսուսի մեղքը, և նրանք չարախոսելով՝ Հիսուսին մեղադրեցին մարդկանց մոլորեցնելու, ինքն իրեն թագավոր անվանելու, կայսրին հարկեր չտալու մեջ: Ապա Պիղատոսը հարցեր տվեց Հիսուսին: Լսելով Նրան՝ կուսակալը հայտարարեց, որ ինքը Հիսուսի արարքների մեջ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել Նրան: Սակայն հավաքվածները պահանջեցին Հիսուսին մահապատժի ենթարկել:
Սովորաբար Զատկի տոնի առթիվ մահվան դատապարտված որևէ բանտարկյալ ազատ էր արձակվում: Երբ Պիղատոսը հարցրեց` Հիսուսին ազատի, թե Բարաբբա անունով մի մարդասպանի, ամբոխը պահանջեց ազատել վերջինիս:
Պիղատոսը ստիպված բոլորի աչքի առաջ լվաց ձեռքերը՝ այսպիսով ցույց տալով, որ ինքը համաձայն չէ Հիսուսին մահապատժի ենթարկելուն, բայց միաժամանակ հրեաներին թույլ է տալիս վարվել այնպես, ինչպես իրենք են կամենում:
Այնուհետև զինվորները Հիսուսին դուրս տարան: Քանի որ շատերը Հիսուսին թագավոր էին անվանում, Նրան ծաղրելու համար ուսերին կարմիր թիկնոց գցեցին և գլխին թագի փոխարեն փշե պսակ դրեցին:
Այնուհետև զինվորները Հիսուսին դուրս տարան: Քանի որ շատերը Հիսուսին թագավոր էին անվանում, Նրան ծաղրելու համար ուսերին կարմիր թիկնոց գցեցին և գլխին թագի փոխարեն փշե պսակ դրեցին:
Հիսուսը նաև Իր ուսերին տարավ փայտե խաչը, քանի որ սովորության համաձայն դատապարտյալն ինքը պետք է տաներ իր խաչը: Բայց քանի որ վերջին շաբաթվա չարչարանքներից Հիսուսը մարմնով շատ էր թուլացել, և զինվորները Սիմոն Կյուրենացուն պատվիրեցին օգնել Նրան: Խաչելության վայրը Երուսաղեմի մոտ գտնվող Գողգոթա բլուրն էր:
Խաչելությունից և Հիսուսի մահվանից հետո Պիղատոսին մոտեցավ Հովսեփ անունով մի հարուստ մարդ, որը Հիսուսի հետևորդներից էր, և խնդրեց թույլ տալ խաչից վերցնելու Հիսուսի մարմինը: Թույլտվություն ստանալով՝ Հիսուսի մարմինը դրեցին Հովսեփի կողմից նախօրոք պատրաստված, ժայռում փորված գերեզմանում, ապա քարայրի մուտքը փակեցին մեծ քարով:
Քահանաների խնդրանքով Քրիստոսի գերեզմանի մոտ զինվորներ կարգվեցին, որպեսզի Հիսուսի աշակերտները չտանեն Նրա մարմինը և հայտարարեն, որ հարություն է առել:
Հիսուսի մահվանից երեք օր հետո ուժգին երկրաշարժ եղավ, և մի հրեշտակ իջավ երկնքից ու գլորեց քարայրի մուտքի առջև դրված քարը: Տեսնելով հարություն առած Հիսուսին՝ գերեզմանը հսկող զինվորները վախից ուշագնաց եղան:
Լուսաբացին Հիսուսի հետևորդ մի քանի կանայք գնացին գերեզման՝ Քրիստոսի մարմինը յուղով օծելու: Մոտենալով քարայրին նրանք շատ զարմացան՝ տեսնելով տեղաշարժված քարը: Այդ պահին նրանց հայտնվեցին երկու հրեշտակներ և հայտնեցին Հիսուսի հարության մասին: Յուղաբեր կանայք շտապեցին աշակերտների մոտ և նրանց հայտնեցին Քրիստոսի հարության մասին:
Յուղաբեր կանայք, Հ. Խաչատրյան՝ \(14\) տ., Էջմիածնի Հայորդյաց տուն
Հարությունից հետո Հիսուսը \(40\) օր շրջեց երկրի վրա, երևաց աշակերտներին, ապա Ձիթենյաց լեռան վրա օրհնելով նրանց պատվիրեց, որ Իր պատգամները տարածեն բոլոր ազգերին և բոլորի աչքի առաջ համբարձվեց երկինք:
Համբարձում, բատիկա, Ա.Նովշատյան՝ \(15\) տ., Էջմիածնի Հայորդյաց տուն
Բառարան
Հարություն առնել - մահացած մարդու վերակենդանացում
Համբարձվել - վեր բարձրանալ, վեր ելնել
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 85-91
http://www.crossnews.am/wp-content/uploads/2017/05/whatistruth-1024x683.jpg
http://arvestagir.am/am/xachi-krumeh-tesarani-patkeragruthyuneh/
http://www.armenianreligion.am/images/news/Astvacashunch0445-0446.jpg
https://www.hearthymn.com/wp-content/uploads/2017/12/nailed-to-the-cross.jpg