
















Աշխարհի և մարդու ստեղծումը
Մենք Երկիր մոլորակի բնակիչներ ենք, որը հարուստ է բազմատեսակ բույսերով և կենդանիներով: Այս ամենի արարչագործության մասին գրված է Աստվածաշնչում: Մինչ արարչագործությունը ամենուրեք խավար էր և քաոս: Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ցամաքը ու ծովերը, ապա արեգակն ու աստղերը, բուսական ու կենդանական աշխարհը:

Վերջում Իր պատկերով ու նմանությամբ Աստված ստեղծեց մարդուն՝ Ադամին, ում բնակեցրեց դրախտում: Դրախտով հոսում էին չորս գետեր: Ըստ ավանդության՝ այդ գետերը սկիզբ էին առնում Հայկական լեռնաշխարհից:
Դրախտի կենտրոնում վեր էր խոյանում Կենաց ծառը: Դրախտում Ադամը մենակ էր, և Աստված ստեղծեց Եվային՝ որպես նրան ընկեր և օգնական: Նրանք կարող էին օգտվել բոլոր բարիքներից` բացի բարու և չարի իմացության ծառի պտուղներից: Սակայն օձի սադրանքով Եվան պոկեց արգելված պտուղը, կերավ և Ադամին էլ տվեց: Աստված զայրացավ, որ խախտել են Իր պատվիրանը, վտարեց նրանց դրախտից: Ադամից ու Եվայից սկիզբ առավ ողջ մարդկությունը:
Նոյը և ջրհեղեղը
Ադամից ու Եվայից սերված մարդկությունը աստիճանաբար հեռացավ Աստծուց և չարացավ: Այդ պատճառով Աստված որոշեց ջրհեղեղի միջոցով պատժել ողջ մարդկությանը բացի Նոյից, ով արդար ու բարի մարդ էր և հավատարիմ էր Աստծուն: Ջրհեղեղից առաջ Նա Նոյին պատվիրեց տապան կառուցել, ապա վերցնել իր ընտանիքը, մեկական զույգ բոլոր ցամաքային կենդանիներից և թռչուններից ու մտնել տապան: Ապա սկսվեց ջրհեղեղը, և \(40\) օր ու \(40\) գիշեր անձրև տեղաց: Ամեն բան անցավ ջրի տակ և ոչնչացավ:

Նոյան տապանը երկար նավարկելուց հետո կանգ առավ Արարատ լեռան վրա: Ջրերի իջնելու լուրն ավետեց Նոյի բաց թողած աղավնին, որ վերադարձավ՝ կտուցին ձիթենու մի շյուղ բերելով: Յոթ օր անց Նոյը նորից աղավնուն բաց թողեց և այս անգամ աղավնին չվերադարձավ, որից էլ հասկանալի եղավ, որ երկիրը ցամաքել է: Տապանից դուրս գալուց հետո Նոյը զոհասեղան պատրաստեց և զոհ մատուցեց: Աստված ուխտ հաստատեց նրա ու նրա որդիների հետ, որի նշանը եղավ ծիածանը:
Ավանդության համաձայն` Նոյն իր երեք որդիների՝ Սեմի, Քամի, Հաբեթի և նրանց ընտանիքների հետ բնակություն հաստատեց Արարատ լեռան շրջակա բնակավայրերում: Նույն ավանդույթի համաձայն Արարատ լեռից իջնելուց, երբ Նոյը տեսավ ցամաքը, բացականչեց «Երև անդ»: Նոյի իջած առաջին վայրը կոչվեց Նախիջևան, իսկ նրա առաջին տնկին եղավ խաղողի որթը: Նա զբաղվում էր երկրագործությամբ:
Արարատ լեռը միշտ թանկ ու հարազատ է եղել հայերիս համար: Հայոց Տրդատ \(III\) թագավորը լեռան գագաթից մեծ քարեր է բերել և դրել Էջմիածնի Մայր տաճարի հիմքում: Շատերն են բարձրացել նրա գագաթը, որոնցից է նշանավոր գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը: Արարատ լեռը պատկերված է նաև Հայոց պետության զինանշանի վրա:

Բառարան
Արարչագործություն - գոյություն ունեցող ամեն ինչի արարումն Աստծո կողմից
Կենաց ծառ -կյանքի ծառ, որի պտուղներն անմահություն են պարգևում
Քաոս - անկանոն վիճակ
Դրախտ - աստվածային պարտեզ
Տապան - նավ
Զղջալ - կատարած վատ արարքների համար ափսոսալ
Ուխտ - համաձայնություն, պայման
Երև անդ - այնտեղ երևաց: Ավանդության համաձայն այսպես է առաջացել Երևան քաղաքի անվանումը
Խաղողի որթ - խաղողի տունկ, վազ
Զինանշան - պետության խորհրդանիշ
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 9-17
https://christianitymalaysia.com/wp/wp-content/uploads/2017/03/maxresdefault-5-678x381.jpg
https://mediamag.am/wp-content/uploads/2015/11/raschety-fizikov-pokazali-noev-kovcheg-dejstviteln.jpg
https://i.pinimg.com/736x/7c/0a/da/7c0ada5853173f84441d5f901337af5f.jpg