
















Աբրահամը և նրա սերունդները
Նոյի որդի Սեմի հաջորդներից էր Աբրահամը, ով իր կնոջ Սառայի և եղբայրների հետ ապրում էր Միջագետքում: Նա բարեպաշտ և Աստծուն հնազանդ մարդ էր, ում Աստված որոշեց դարձնել մի նոր ցեղի նախահայր ու պատվիրեց, որ իր գերդաստանով գնա Միջերկրական ծովի ափին գտնվող Քանան երկիր: Աբրահամին ու Սառային Աստված պարգևեց մի որդի՝ Իսահակին: Իսահակի որդիներից Հակոբը, ով հետագայում կոչվեց Իսրայել, ունեցավ \(12\) որդի, որոնցից էլ առաջացան հրեական \(12\) ցեղերը:

Հետագայում Աբրահամի սերունդները իրենց երկրում վրա հասած սովի պատճառով տեղափոխվեցին Եգիպտոս, որ գտնվում է Աֆրիկայի հյուսիսարևելյան հատվածում: Եգիպտոսի առաջնորդի՝ փարավոնի հրամանով հրեաները կատարում էին ամենադժվար աշխատանքները, ենթարկվում նվաստացումների: Չբավարարվելով այս ամենով՝ փարավոնը կարգադրեց ջուրը նետել հրեաների նորածին տղա երեխաներին: Սակայն փարավոնի դուստրը, երեխաներից մեկին գետից գտնելով, որդեգրեց նրան և անվանեց Մովսես (ջրից հանված):

Չափահաս տարիքում Մովսեսը տեսավ իր ազգակիցների ծանր կյանքը և Աստծո պատվերով հրեաներին դուրս բերեց Եգիպտոսից՝ վերադարձնելու նրանց հայրենի Քանան երկիրը, որ այդպես էր կոչվել Նոյ Նահապետի թոռան անունով: Ճանապարհին, երբ հրեաները հասել էին Կարմիր ծովին, մոտեցավ նրանց պատժել և վերադարձնել ցանկացող փարավոնի զորքը: Սակայն Աստծո հրամանով ծովի ջրերը բաժանվեցին՝ ցամաքային ճանապարհ բացելով հրեաների համար, որոնք անցնելով մյուս ափ՝ փրկվեցին:

Հրեաների ճանապարհն անցնում էր Սինայի անապատով, որտեղ նրանք որոշ ժամանակ բնակություն հաստատեցին: Աստծո ցանկությամբ Մովսեսը բարձրացավ անապատում գտնվող Սինա լեռը, որտեղ Աստծուց ստացավ \(10\) պատվիրանները, որոնք պատվիրում էին հարգել ծնողներին, մարդ չսպանել, գողություն չանել, չստել և այլն: Հատկապես կարևորվում էր մեկ և ճշմարիտ Աստծո հանդեպ հավատը:

Բառարան
Քանան - պատմական երկիր Միջերկրական ծովի արևելյան ափին: Ավանդության համաձայն այդպես է կոչվել Նոյի թոռան անունով
Բարեպաշտ - բարի գործեր կատարող մարդ
Եգիպտոս - երկիր հյուսիսարևելյան Աֆրիկայում
Կարմիր ծով - ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 25-28
https://i2.wp.com/elpuntocristiano.org/wp-content/uploads/2013/04/profeta-ezequiel.jpg?fit=800%2C600&resize=350%2C200
https://www.leelabiblia.co/content/images/2016/09/moses-in-a-basket.jpg
https://jewinthecity.com/wp-content/uploads/2017/03/YamSufSlider.jpg
http://www.cyocaminho.com/CYCMobile/assets/images/sabado-1400x1050-54.jpg