
















Ներածություն
\(301\) թ. հայ ժողովուրդն առաջինն աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մինչ այդ հայերը հետևորդն էին հեթանոսական կրոնի, որի համաձայն դավանում էին բազում աստվածների. պատրաստում էին հեթանոսական աստվածներին պատկերող կուռքեր, դրանց զոհեր մատուցում, տաճարներ կառուցում:
Նրանք հավատում և Աստված էին համարում Հայկին, Արային, Տորքին, Աստղիկին և նրանց էին վերագրում եղանակի փոփոխությունները:
Բնական երևույթների աստվածացումը և դրանց անձնավորած պաշտամունքը հեթանոսությունն է:
Քրիստոնեությունը մեծ ազդեցություն ունեցավ հայի նկարագրի ու պատմության, հայոց մշակույթի, արվեստի, ճարտարապետության, գիտության և կրթության զարգացման վրա: Կառուցվեցին վանքեր ու եկեղեցիներ, կից դպրոցներ ու համալսարաններ, զարգացան մատենագրությունը, մանրանկարչությունը, գիտության տարբեր ճյուղեր:
Աստվածաշունչ
Սուրբ Գիրքն աշխարհում ամենատարածված, ամենաշատ թարգմանված գրքերից է և ամենասուրբը քրիստոնյա ժողովուրդների շրջանակներում: Սուրբ Գրքին շատ ժողովուրդներ անվանում են նաև Բիբլիա, իսկ հայերի մեջ տարածված է Աստվածաշունչ անունը:
Աստվածաշունչ նշանակում է Աստծո շնչով գրված:
Այն գրվել է տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր հեղինակների կողմից: Աստվածաշնչում ներկայացվում են Աստծո և մարդկանց փոխհարաբերությունները, ինչպես նաև բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, նրանց մշակույթը, կյանքն ու կենցաղը:

Աստվածաշունչը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ Հին Կտակարան կամ Հին Ուխտ և Նոր Կտակարան կամ Նոր Ուխտ: Հին Կտակարանը գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ, իսկ Նոր Կտակարանը՝ ծննդից հետո:
Հին Կտակարանը բաղկացած է \(48\) գրքից, որոնք ունեն պատմական, խրատական և մարգարեական բովանդակություն: Հին Կտակարանում կհանդիպենք օրենքների ու կանոնների՝ սահմանված Աստծո կողմից մարդկությանը, խրատներ և պատգամներ, ինչպես նաև Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մասին կանխատեսումներ:
Նոր Կտակարանը բաղկացած է \(27\) գրքից: Առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, իսկ հեղինակները ավետարանիչներ (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես): Այդ գրքերն են՝ Հիսուսի ծնունդը, Նրա կյանքն ու գործերը, Նրա պատվիրանները: Մյուս գրքերը պատմում են առաքյալների գործերի, քարոզչության և քրիստոնեության տարածման մասին: Առաքյալները Հիսուս Քրիստոսի աշակերտներն էին, որոնք քրիստոնեությունը քարոզեցին շատ երկրներում:

Աստվածաշունչը թարգմանվել է գրեթե բոլոր լեզուներով: \(5\)-րդ դարի սկզբին այն հայերեն թարգմանել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սուրբ Սահակ Պարթևը՝ իրենց աշակերտների հետ միասին: Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունը համարվում է լավագույն թարգմանությունը. որոշ հատվածներին տրվել է «Թարգմանությունների թագուհի» անունը:
\(15\)-րդ դարի կեսերին՝ տպագրության գյուտից հետո, Աստվածաշունչը դարձավ աշխարհում առաջին տպագիր գիրքը: Այն առաջին անգամ հայերեն տպագրվել է \(1666 - 1668\) թթ.:
Բառարան
Աստվածացնել - մեծարել, փառքի ու պատվի արժանացնել
Սուրբ Գիրք - Աստվածաշունչ
Կուռք - մետաղից, փայտից պատրաստված արձան, որին վերագրվում է գերբնական կարողություն
Պատվիրան - պատգամ, Աստծո կամք
Առաքյալ - առաքված, ուղարկված
Սուրբ - անվանում են մաքուր, անբիծ կյանքով ապրած քրիստոնյաներին
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 6-7
https://mediamag.am/wp-content/uploads/2016/10/72.jpg
https://salemnet.vo.llnwd.net/media/cms/BST/29980-12349-Nativity_BirthJesus.1200w.tn.1200w.tn.jpg