
















Ուղիղ և հակադարձ համեմատականություն
Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:
Գրիչների քանակը (հատ) | \(1\) | \(2\) | \(3\) | \(4\) | \(5\) | \(6\) | \(7\) | \(8\) | \(9\) | \(10\) |
Գրիչների արժեքը (դրամ) | \(100\) | \(200\) | \(300\) | \(400\) | \(500\) | \(600\) | \(700\) | \(800\) | \(900\) | \(1000\) |
Նկատում ենք, որ գրիչների քանակը մի քանի անգամ ավելացնելիս դրանց արժեքն ավելանում է նույնքան անգամ: Սա նշանակում է, որ գրիչների արժեքն ուղիղ համեմատական է դրանց քանակին:
Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը նույնքան անգամ փոքրանում է:
Օրինակ
Դիցուք մեքենան հավասարաչափ շարժվելով պիտի անցնի \(600\) կիլոմետր: Եթե նա շարժվի \(60\) կմ/ժ արագությամբ, ապա այդ ճանապարհը նա կանցնի \(10\) ժամում: Իսկ եթե նա ավելացնի արագությունը և շարժվի \(100\) կմ/ժ արագությամբ, ապա ժամանակը կպակասի և այդ ճանապարհը նա կանցնի \(6\) ժամում:
Կազմենք հետևյալ աղյուսակը՝
Ծախսած ժամանակը (ժամ) | \(20\) | \(10\) | \(5\) |
Արագությունը (կմ/ժ) | \(30\) | \(60\) | \(120\) |
Աղյուսակից երևում է, որ արագությունը երկու անգամ մեծացնելիս ժամանակը երկու անգամ պակասում է: Սա նշանակում է, որ մեքենայի արագությունը և ծախսած ժամանակը հակադարձ համեմատական մեծություններ են:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: