
















Հավասարաչափ շարժում
Հավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ:
Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած \(S\) ճանապարհի և այդ \(t\) ժամանակամիջոցի հարաբերությանը՝ \(v = S / t \)

Միավորների ՄՀ-ում արագության միավորը \(1\) մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը \(1\) վ-ում անցնում է \(1\) մ ճանապարհ։
Ուշադրություն
Եթե հայտնի է հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, ապա կարող ենք գտնել նրա շարժման օրենքը, այսինքն՝ մարմնի անցած ճանապարհի կախումը ժամանակից արտահայտող բանաձևն է`\(S = vt \)
Անհավասարաչափ շարժում
Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:
Հիմնականում անհավասարաչափ են շարժվում գրեթե բոլոր մարմինները.
Օրինակ
փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:

Միջին արագություն
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:
Եթե անհավասարաչափ շարժվող մարմինը հետագծի \(S\) երկարությամբ տեղամասն անցել է \(t\) ժամանակում, ապա նրա միջին արագությունն այդ տեղամասում հավասար կլինի.
\((1)\)
Ուշադրություն
Եթե տվյալ տեղամասում մարմինը շարժվեր հավասարաչափ, ապա նրա արագությունը ևս հավասար կլիներ \(S\)-ի և \(t\)-ի հարաբերությանը: Հենց այդ հավասարաչափ արագությունն էլ բացահայտում է միջին արագության իմաստը:
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հետագծի տվյալ տեղամասում հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում մարմինը հետագծի այդ տեղամասն անցնում է նույն ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:
Ակնթարթային արագություն
Դիցուք ինչ-որ պահի ավտոմեքենայի արագաչափի ցուցմունքը \(80\) կմ/ժ է, հետո այն արագ փոխվում է: Իներտության պատճառով մարմնի արագությունը ակնթարթորեն փոխել հնարավոր չէ: Ուրեմն կարելի է համարել, որ մի ակնթարթ (շատ փոքր ժամանակահատված) ավտոմեքենայի արագությունը չի փոխվել և այն կատարել է հավասարաչափ շարժում: Տվյալ պահին արագաչափի ցույց տված արագությունը հենց այդ հավասարաչափ շարժման արագությունն է, որն անվանում են ակնթարթային արագություն:
Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:
Կիրառելով ակնթարթային արագության հասկացությունը, կարող ենք ասել, որ հավասարաչափ շարժման դեպքում այն հաստատուն մեծություն է, իսկ անհավասարաչափ շարժման դեպքում՝ փոփոխական:
Ուշադրություն
Անհավասարաչափ շարժման ակնթարթային արագության մասին խոսելիս սովորաբար «ակնթարթային» բառը հատուկ չեն նշում: Միջին արագության մասին խոսելիս «միջին» բառը միշտ նշում են հատուկ, իսկ երբ պարզապես ասում են «արագություն», հասկանում են ակնթարթային արագությունը:
Աղբյուրները
Ս. Վ. Գրոմով , Ն. Ա. Ռոդինա, Ֆիզիկա-8, հանրակրթական դպրոցի դասագիրք ( I, II, III և V գլուխների հեղինակ Ա. Մամյան); Երևան, Անտարես -2014 թ.