Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ
Եթե մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից, ապա մարմնի չափերը հաշվի չեն առնվում, և մարմինը դիտարկում են որպես նյութական կետ։ 
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
Նյութական բառով տվյալ դեպքում ընդգծվում է նրա տարբերությունը երկրաչափական կետից։ Երկրաչափական կետը ֆիզիկական հատկություններ չունի։ Իսկ նյութական կետը կարող է զանգված, էլեկտրական լիցք և ֆիզիկական այլ բնութագրեր ունենալ։ 
  
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: 
 
Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը (կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ:
 
Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։
 
Եթե մարմնի շարժման հետագիծը ուղիղ գիծ է, ապա շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է` կորագիծ։

Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։

0-29.png

Untitled010101010101.png
 
Untitled010101010101.png
 
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։ Ճանապարհը չափելիս օգտվում են երկարության միավորից։ Ճանապարհի միավորը Միավորների միջազգային համակարգում (ՄՀ) ընդունված երկարության միավորն է` մեկ մետրը (\(1\) մ)։ Գործնականում օգտագործվում են նաև երկարության այլ միավորներ, օրինակ՝ \(1\ կմ = 1000\ մ, 1\ դմ = 0,1\ մ, 1\ սմ = 0,01\ մ, 1\ մմ = 0,001\ մ։\)
Աղբյուրները
Գրոմով Ս. Վ., Ռոդինա Ն. Ա., Ֆիզիկա։ Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդդասարանի համար: Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի - Եր.։ Անտարես