
















Հզորություն
Շարժիչի տվյալ աշխատանքը կատարելու արագությունը կախված է այն բանից, թե ինչ աշխատանք կարող է այն կատարել միավոր ժամանակում, օրինակ՝ \(1\) վայրկյանում:
Դիցուք, մի մեքենան յուրաքանչյուր \(1\) վ -ում կարող է կատարել \(50\) Ջ, իսկ մյուսը՝ \(150\) Ջ, այսինքն՝ երեք անգամ ավելի աշխատանք:
Միևնույն՝ \(750\) Ջ աշխատանքը առաջին մեքենան կկատարի \(15\) վ-ում, իսկ երկրորդը՝ \(5\) վ-ում, այսինքն՝ ճիշտ \(3\) անգամ ավելի արագ, քան առաջինը:
Ուշադրություն
Այսպիսով, միևնույն աշխատանքը մի մեքենան մյուսից այնքան անգամ ավելի արագ կկատարի, որքան անգամ մյուսից շատ աշխատանք կարող է կատարել միավոր ժամանակում:
Եթե մարմինը \(A\) աշխատանքը կատարում է \(t\) ժամանակում, ապա՝\(N= A/t\) հարաբերությունը ցույց է տալիս միավոր ժամանակում նրա կատարած աշխատանքը և կոչվում է հզորություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը, կոչվում է հզորություն:
Հզորությունը \(=\) Աշխատանք\(/\)Ժամանակամիջոց
Հզորությունը \(=\) Աշխատանք\(/\)Ժամանակամիջոց
Հզորության միավոր
Միավորների ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է (\(1\) Վտ)։ \(1\) Վտ-ն այն հզորությունն է, որի դեպքում \(1\) վ-ում կատարվում է \(1\) Ջ աշխատանք` \(1\) Վտ \(=\) \(1\) Ջ/վ:
Հզորության չափման միավորն այդպես է կոչվել ի պատիվ անգլիացի գյուտարար Ջեյմս Վատտի (Ուատտի, \(1736–1819\) թթ.)։
Տեխնիկայում հզորության համար օգտագործվում են նաև միլիվատտ (մՎտ), կիլովատտ (կՎտ) և մեգավատտ (ՄՎտ) միավորները՝
\(1\) մՎտ \(=\) \(0,001\) Վտ, \(1\) կՎտ \(=\) \(1000\) Վտ, \(1\) ՄՎտ \(=\) \(1000000\) Վտ։
Հզորությունը յուրաքանչյուր շարժիչի կարևորագույն բնութագիրն է:
Հայտնի հզորությամբ շարժիչի կատարած աշխատանքը \(t\) ժամանակում կարելի է հաշվել աշխատանքի բանաձևից:
\(A = N×t\)
Մարմնի կատարած աշխատանքը որոշելու համար նրա հզորությունը պետք է բազմապատկել այդ աշխատանքը կատարելու համար ծախսված ժամանակամիջոցով։
Աղբյուրները
Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն. Ա., Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի; Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդ դասարանի համար - Եր.։ Անտարես, 2013.- 192 էջ։