Այրում։ Հրդեհի հանգցնելը
Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:
Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:
Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:
Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:
Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը
Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր:
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:
Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:
Այրման տեսակարար ջերմություն կոչվում է \(1\) կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:
Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:
Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Ուշադրություն
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
\(1\). Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
\(2\). Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» \((CO)\):
\(3\). Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք և \(CO\) գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
\(4\). Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
\(5\). Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:
Ուշադրություն
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
\(1.\) Խուճապի չմատնվե՛ս:
\(2.\) Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով \(1-01\):
\(3.\) Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
\(4.\) Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:
\(5.\) Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
\(6.\) Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
\(7.\) Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:
Աղբյուրները
1. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, Զանգակ հրատարակչություն