Շփումը մեր շուրջը
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Բույսերի աճը, տարածվելը պայմանավորված է շփում ապահովող մասերով: «Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթում հենց շփման ուժն է պահում շաղգամը հողում:
Կենդանիները ևս ունեն կենսաապահովման օրգաններ, որոնք գործում են շփման ուժի շնորհիվ: Առանց շփման մարդիկ և կենդանիները չեն կարող քայլել գետնի վրա, իրենց ձեռքում պահել տարբեր իրեր:
Շփումը կարող է լինել օգտակար և վնասակար: Երբ շփումը օգտակար է, այն ձգտում են մեծացնել, իսկ երբ վնասակար է՝ փոքրացնել:
Օգտակար շփում:
Առանց շփման Երկրի վրա չէին կարող շարժվել ո՛չ մարդիկ, ո՛չ էլ կենդանիները, ո՛չ ավտոմեքենաներն ու գնացքները, ձեռքից դուրս կսահեին առարկաները։ Շփումը անհրաժեշտ է նաև շարժվող մեքենաները արգելակելու համար:
Օգտակար շփումը կարելի է մեծացնել տարբեր ձևերով. ձմռանը սառցապատ մայթերի վրա ավազ են ցանում, ձմեռային կոշիկների ներբանների և անվադողերի վրա ցցուն մասերով նախշեր, ակոսներ են անում և այլն։
Վնասակար շփում:
Բոլոր մեքենաներում էներգիայի զգալի մասը ծախսվում է շփումը հաղթահարելու վրա։ Շփման հետևանքով մաշվում են մեքենաների մասերը, հագուստը, կոշիկները։ Վնասակար շփումը փոքրացնելու համար մարմինների հպվող մակերևույթները պետք է դարձնել ավելի ողորկ։
Շփումը կարելի է \(8–10\) անգամ փոքրացնել շփվող մակերևույթները յուղելու և տարբեր քսուքներով պատելու միջոցով։ Յուղը լցվում է շփվող մակերևույթների անհարթությունների մեջ և մակերևույթների միջև առաջացնում հեղուկի բարակ շերտ։
Քանի որ գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից, ապա մարմինների տեղափոխումը հեշտացնելու համար նրանց տակ դնում են անիվներ: Այդ ձևով սահքի շփումը փոխարինում են գլորման շփումով։
Նույն նպատակով օգտագործվում են գնդիկավոր, գլանիկավոր և այլ տիպի առանցքակալներ, որոնք շփումը փոքրացնում են \(20–30\) անգամ։
Շփման փոքրացումը հնարավորություն է տալիս նվազեցնելու էներգիայի կորուստները և պաշտպանելու մեքենաների շփվող մասերը մաշվելուց:
Աղբյուրները
1. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դաս. դասագիրք / Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ. Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն