Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Առօրյայից գիտենք, որ որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին, իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ։ Եթե փորձեք ջրի մեջ ընկղմել թենիսի գնդակը կամ խցանի կտորը, կզգաք ջրի դիմադրությունը։ Երբ ձեռքը հեռացնենք, այդ մարմինները դուրս կգան ջրի մակերևույթ։ Դա վկայում է, որ ջրում ընկղմված մարմնի վրա ազդում է ինչ– որ ուժ, որը նրան դուրս է հրում ջրից։
Դեպի վեր ուղղված որոշակի ուժը, որով հեղուկն ազդում է իր մեջ ընկղմված մարմինների վրա, ի պատիվ հույն գիտնական Արքիմեդի` անվանում են արքիմեդյան ուժ:
Արքիմեդյան ուժը միշտ ծանրության ուժին հակառակ է ուղղված, ինչի հետևանքով մարմնի կշիռը հեղուկում ավելի փոքր է, քան օդում: Դա թույլ է տալիս չափել Արքիմեդյան ուժը նկարում պատկերված զսպանակավոր կշեռքով, հետևյալ կերպ.
\(1.\) Մարմինը կշռում են օդում՝ նշում ուժաչափի ցուցմունքը:
\(2.\) Մարմինն իջեցնում են ջրով լցված անոթի մեջ, նորից վերցնում ուժաչափի ցուցմունքը:
Ստացված տվյալներից երևում է, որ մարմնի կշիռը ջրում ավելի փոքր է քան օդում՝ արքիմեդյան ուժի ազդեցության հետևանքով:
\(3.\) Արքիմեդյան ուժը հավասար կլինի ջրում և օդում բեռի կշիռների` այսինքն ուժաչափի ցուցմունքների տարբերությանը:
Արքիմեդյան ուժը կախված է՝
Հեղուկի խտությունից. որքան մեծ է հեղուկի խտությունը, այնքան մեծ է արքիմեդյան ուժը:
Օրինակ
Ծովի ջրում ավելի հեշտ է լողալ, քան քաղցրահամ ջրում, որովհետև ծովի ջրի խտությունն ավելի մեծ է, քան քաղցրահամ ջրինը:
Մարմնի՝ հեղուկում ընկղմված մասի ծավալից. եթե հեղուկի մեջ ընկղմենք տարբեր ծավալներով մարմիններ, ապա այն մարմնի վրա ավելի մեծ արքիմեդյան ուժ կազդի, որի ծավալն ավելի մեծ է:
Հեղուկի մեջ հայտնված մարմնի վրա ազդում են \(2\) ուժեր՝ ծանրության և արքիմեդյան, որի պատճառով նրա հետ կարող է տեղի ունենալ հետևյալը.
\(1.\) եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը կսուզվի
\(2.\) եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը կլողա հեղուկի մեջ
\(3.\) եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը կլողա հեղուկի մակերևույթին
Սրանք մարմնի լողալու պայմաններն են.
Արքիմեդյան ուժը գազերում:
Գազերն իրենց հատկություններով նման են հեղուկներին։ Այդ պատճառով գազերում մարմինների վրա նույնպես ազդում է արտամղող ուժ՝ արքիմեդյան ուժ:
Օդում օճառի պղպջակները արքիմեդյան ուժի ազդեցությամբ վեր են բարձրանում, վեր են բարձրանում նաև օդից թեթև գազերով լցված փուչիկները և օդապարիկները։
Նրանց վրա ազդող արքիմեդյան և ծանրության ուժերի տարբերությունը կոչվում է վերամբարձ ուժ:
Աղբյուրները
1.Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2.Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ.Պետրոսյան, Լ.Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան,Երևան -2013,ԶԱՆԳԱԿ հրատարակչություն