Առողջություն և առողջ ապրելակերպ
Մարդը հանդիսանում է կենդանի օրգանիզմ և պատկանում է կենդանիների թագավորությանը: Հետևաբար մարդը նույնպես վարում է կենսագործունեություն:
Մարդու կենսագործունեության հիմնական և կարևոր դրսևորումը աշխատանքն է:
Մարդն աշխատում է և դրա արդյունքում ստեղծում նյութական բարիքներ:
Նյութական բարիքները մեզ շրջապատող իրականության մասնիկներ են, որոնք մարդը ստեղծել է սեփական կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար:
Մարդը կարող է իրականացնել երկու տիպի աշխատանք`
 
1469008195.jpg
 
1. Ֆիզիկական: Ֆիզիկական աշխատանքի արդյունքում ստեղծվում են նյութական բարիքներ՝ իրեր, առարկաներ, գործիքներ, հարմարանքներ: 
 
2. Մտավոր: Մտավորի արդյունքում ստեղծվում են ոչ նյութական ժառանգության մասնիկներ` նոր գիտելիքներ, արվեստի գործեր, հոգևոր ու մշակութային արժեքներ: 
Մարդու կենսագործունեության էական առանձնահատկություն է միջավայրը փոփոխելու նրա հակումն ու ընդունակությունը:
Կյանքի ընթացքում մարդը ակտիվ փոխազդում է իր միջավայրի հետ: Այդ ընթացքում նա շրջակա միջավայրը հարմարեցնում է իր կարիքներն ու պահանջները հոգալու համար:
Մարդը նպատակաուղղված ազդում է իր շրջակայի վրա այն իրեն ավելի բարենպաստ դարձնելու համար:
Օրինակ
Կառուցում է բնակարաններ, ջեռուցում, լուսավորություն, տեղափոխվում տրանսպորտով և այլն:
Մարդու ապրելակերպի ձևավորման վրա ազդում են միջավայրի երեք խումբ գործոններ`
  •  օգտակար գործոններ
  •  վնասակար գործոններ
  • և՛ օգտակար, և՛ վնասակար գործոններ
Օգտակար գործոններն այն գործոններն են,  որոնք կարևոր են մարդու ինքնազգացողության համար:
Օրինակ` թթվածնով հարուստ և մաքուր օդը, չափավոր, սննդարար և լիարժեք սնունդը, աշխատանքի բարենպաստ պայմանները, անաղմուկ միջավայրը և այլն:
  
Վնասակար գործոններ են մարդու ինքնազգացողությունն ու աշխատունակությունը խաթարող երևույթները:
Օրինակ` հիվանդածին բակտերիաները կամ վիրուսները, թունավոր սնկերը, տարբեր թունավոր նյութերը, փոշին, աղմուկը, աղտոտված օդը, որոնք անբարենպաստ պայմաններ են ստեղծում մարդու կենսագործունեության համար:
  
Ե՛վ օգտակար, և՛ վնասակար գործոնները այն հանգամանքներն են, որոնք կարող են ինչպես խաթարել, այնպես էլ բարելավել մարդու առօրյան: 
Օրինակ` արևի ճառագայթները:
 
443.jpg
 
Մարդու առօրյայի և կենսագործունեության վրա ազդող գործոնների համալիր ուսումնասիրությամբ զբաղվում է հիգիենա գիտությունը:
Երբ այս գործոնները հավասարակշռված են` վնասակարները չեզոքացված, իսկ օգտակարները՝ ամրապնդված, ապա մարդն առողջ է:
Առողջությունը մարդու հիվանդությունների և ֆիզիկական արատների բացակայությունն է, ֆիզիկական և հոգեկան բարեկեցության ամբողջությունը:
Մարդու առողջությունը փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել: Առողջությունն ամրապնդվում է որոշակի գործոններով:
Մարդու առօրյայի հետևողական կազմակերպումը սեփական առողջության պահպանման և կոփման նպատակով կոչվում է առողջ ապրելակերպ:
 
20-2.jpg
 
Առողջ ապրելակերպը ենթադրում է առողջությունն ամրապնդող որոշակի գործոնների անընդհատ ներգրործություն մարդու օրգանիզմի վրա:
 
Այդ գործոններն են`
 
Օրվա կանոնավոր ռեժիմը. ճիշտ ժամանակին և պարբերաբար սնվելու, սովորելու, աշխատանքի և հանգստի զուգորդումը, հանգստի և քնի ճիշտ համամասնությունը և այլն: 
 
Մարդու օրվա ռեժիմը պետք է կառուցվի տարիքից կախված: Դպրոցահասակ երեխաների քնելու ժամը տարբերվում է մեծահասակների քնելու ժամից:
 
Ուշադրություն
Մարդը պետք է ամեն օր արթնանա առավոտյան նույն ժամին, կատարի ֆիզիկական ոչ բարդ մարզանք, լավ լվացվի, մաքրի ատամները, նախաճաշի և հետո շարունակի իր օրը:
Ցանկացած բնույթի աշխատանք` լինի դա ուսում, թե խաղ, թե մարմնամարզություն, ունի իր կանոնները, որոնք պետք է պահպանել.
 
Օրգանիզմի մաքրությունը. մարդու մարմնի խնամքը, մաշկի և բերանի խոռոչի  մաքուր լինելը, օրգանիզմի կոփումը, ճիշտ հագուստը:
Այդ ամենը ևս նպաստում են մարդու բնականոն զարգացմանը, բարձրացնում աշխատունակությունը, ինքնազգացողությունը, կատարելագործում մտածողությունը, նպաստում լիարժեք հանգստին:

Շարժողական բարձր ակտիվությունը. առավոտյան ֆիզիկական վարժությունները, չափավոր քայլքը, ֆիզիկական աշխատանքը, սպորտը առողջության ամրապնդման անհրաժեշտ գործոններ են:

Անընդհատ շփումը բնության հետ. զբոսանքները և շփումը բնության հետ նպաստում են մարդու առողջ կյանքին:

491ff1_995c1edb0de447bd9a11d526392a2af7_mv2.jpg

Մարդն իր կենսագործունեության ընթացքում ունենում է տարբեր դրսևորումներ` աշխատում է, սովորում, մտածում, ստեղծում: Այդ ամենը, երբ հաջորդում է իրար առանց դադարի` մարդը հոգնում է: Կարող է զարգանալ նաև գերհոգնածություն:

Հոգնածությունն օրգանիզմի բնականոն վիճակ է, որն ունի պաշտպանական դեր:

Տարբերում են մարդու երկու տիպի հոգնածություն`

ա. Ֆիզիկական հոգնածություն: Լարված ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանները հոգնում են և նվազում է դրանց աշխատունակությունը: Հոգնածության է հանգեցնում նաև միօրինակ աշխատանքը: Որոշակի ժամանակի ընթացքում հանգստից հետո մկանների աշխատունակությունը կրկին վերականգնվում է:

բ. Մտավոր հոգնածություն: Մտավոր գործունեությամբ լարված զբաղվելու հետևանքով թուլանում է ուշադրությունը, որն ընդմիջումից հետո ևս վերականգնվում է: Ընդմիջման ընթացքում կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, դեմքը շփել սառը ջրով կամ անցնել այլ բնույթի գործունեության:

Երբ հանգիստը կամ ընդմիջումը բավարար չեն, զարգանում է գերհոգնածություն: Հոգնածությունը և գերհոգնածությունը խախտում են մարդու առողջությունը, հանգեցնում թուլության նաև՝ տարբեր հիվանդությունների զարգացմանը:

insurance-adjuster-burnout.jpg

Աշխատանքի հիգիենան հոգնածության և գերհոգնածության կանխարգելման նպատակով մշակում է աշխատանքի կանոններ:
Դրանք կանխարգելում են հոգնածության առաջացումն ու մարդու ինքնազգացողության վատթարացումը:
Օրինակ

Գոյություն ունեն դպրոցականների սովորելու և հանգստի պահանջներ:

Դրանք ներառում են դպրոցականների օրվա ռեժիմը, շարժողական ակտիվության և մտածողական գործունեության չափավորումը, դրանց հերթափոխումը, հանգիստը և խաղը:

Այս և նման պահանջների պահպանումը նպաստում է երեխաների բնականոն զարգացմանը, առողջ սերնդի աճին:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 146-148, 155-156
http://www.msihotel.com/upload/201607/1469008195.jpg
https://d1bvpoagx8hqbg.cloudfront.net/originals/esperienza-erasmus-a-rio-janeiro-brasil-di-alberto-4b3bfcdca26144e64d3055b124f6e59a.jpg
http://sovdok.ru/wp-content/uploads/443.jpg
https://hyser.com.ua/wp-content/uploads/2017/03/20-2.jpg
https://www.allegistranscription.com/wp-content/uploads/2015/12/insurance-adjuster-burnout.jpg
https://static.wixstatic.com/media/491ff1_995c1edb0de447bd9a11d526392a2af7~mv2.jpeg