Լույսի բեկումը
Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:
Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:
Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:
Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն :
Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:
Օրինակ
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա, օրինակ՝ նկարում պատկերված մատիտը, ապա կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:
Օրինակ
Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն