Աչք և տեսողություն: Հիգիենա
Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևը, չափերը, գույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:
  
Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:
 

глаз.png

 

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: 
 
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
 
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես \(1\) մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև \(1\) սմ-ի:
 
Ուշադրություն
Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):
Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:
 
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ \(25\) սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
  
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։
 
 pict_rus_2.jpg
Տեսողության հիգիենա
Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.
  
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը
● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով
● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը
● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի \(25\) սմ
● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  
● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում
 
Ուշադրություն
Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:
Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար \(I\)):
Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար \(II\)):
Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար \(III\)):
Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:
 
1-20.png
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն