Կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշները
Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից:
Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:
Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.
\(1\). Բակտերիաների թագավորություն:
\(2\). Բույսերի թագավորություն:
\(3\). Սնկերի թագավորություն:
\(4\). Կենդանիների թագավորություն:
Բնության մեջ կենդանի օրգանիզմները տարածված են ամենուրեք: Դրանց կարելի է հայտնաբերել հողում, ջրում, օդում, ապարներում: Կենդանի օրգանիզմներն ունեն տարբեր չափսեր, տարբեր գույն, կյանքի տարբեր տևողություն և այլն:
Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:
Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:
Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:
Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որը կոչվում է բազմացում:
Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:
Կենդանի օրգանիզմների բազմացումը տեղի է ունենում ժառանգական տեղեկատվության պահպանման և փոխանցման հաշվին:
Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:
Նկար 1. Բջջի բաժանում
Կենդանի օրգանիզմները կյանքի ընթացքում ենթարկվում են բարդ փոփոխությունների: Արդյունքում կարելի է նկատել, որ նույն օրգանիզմն անճանաչելիորեն փոխվել է:
Այնուհանդերձ պետք է նկատել, որ այդ փոփոխությունները օգուտ են բերում օրգանիզմին: Դրա հետևանքը լինում է այն, որ օրգանիզմը չափսերով մեծանում է, ձեռք է բերում մարմնի նոր մասեր կամ կատարելագործում եղածները:
Կենդանի օրգանիզմների կազմության բարդացումը կոչվում է աճ, իսկ արդյունքում ձևավորվող նոր հատկանիշների դրսևորումը՝ զարգացում:
Նկար 2. Աճ
Բնության պայմանները անընդհատ փոփոխվում են. փոխվում է ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը և այլն: Բոլոր այդ փոփոխությունները անդրադառնում են կենդանի օրգանիզմների վրա: Արդյունքում օրգանիզմը իր գոյությունը հարմարեցնում է նոր պայմաններին: Դա հարմարումն է:
Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ընդունակ է ընկալել միջավայրի փոփոխությունը և արձագանքել դրան: Այդ հատկանիշը կոչվում է գրգռականություն:
Նկար 3. Գրգռականություն
Օրինակ
Եթե միջավայրում ցուրտ է, ապա կապտականաչ ջրիմուռների արտաքին ծածկույթները հաստանում են: Երբ խոնավությունը նվազում է, ապա բույսերի տերևները ձևափոխվում են փշերի: Լույսի փոփոխությունը անդրադառնում է կենդանիների մեծ մասի ակտիվության վրա:
Գրգռականության շնորհիվ միջավայրի փոփոխված պայմաններում կենդանի օրգանիզմի գոյության պահպանումը կոչվում է հարմարում:
Կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ է սնունդ, որպեսզի նրանք կարողանան ապրել և բազմանալ:
Կենդանի օրգանիզմը սնունդն օգտագործում է երկու նպատակով՝ որպես
- էներգիայի աղբյուր
- շինանյութ
Էներգիան անհրաժեշտ է կենդանի օրգանիզմի գոյությունը ապահովելու համար:
Շինանյութերը օգտագործվում են մարմնի վնասված մասերի վերականգնման և նորերի կառուցման նպատակով:
Կենդանի օրգանիզմում նյութերը ենթարկվում են բարդ փոխարկումների, որի հետևանքով առաջանում են նոր նյութեր: Այդ նյութերի մի մասը թունավոր են և անպիտան, հետևաբար հեռացվում են օրգանիզմից դեպի արտաքին միջավայր: Այդ երևույթն արտազատությունն է:
Այդպիսի նյութերից են, օրինակ՝ ածխաթթու գազը և միզանյութը:
Սեփական գոյությունը պահպանելու համար կենդանի օրգանիզմները միջավայրի հետ կատարում են նյութերի փոխանակություն:
Նկար 4. Մետաբոլիզմ
Կենդանի օրգանիզմների համար թվարկված բոլոր հատկանիշները շատ կարևոր են և դժվար է առանձնացնել դրանցից ամենագլխավորը:
Տվյալ հատկանիշներից ոմանք նկատվում են նաև անկենդան նյութի մոտ: Օրինակ՝ նյութերի փոխանակությունը ջրի և հողի միջև, բյուրեղների աճը և այլն:
Կենդանի օրգանիզմների պարագայում առկա է ոչ թե այս կամ այն հատկանիշը, այլ դրանց բոլորի ամբողջությունը: Այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում կենդանի օրգանիզմը չի կարող գոյատևել և կոչնչանա:
Կենդանի օրգանիզմներն անկենդան նյութից տարբերվում են կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների միասնական գոյության դեպքում:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 93-94
http://www.kozlenkoa.narod.ru/img/mitosis_ani1.gif
http://gifimage.net/wp-content/uploads/2017/11/growing-plant-gif-3-300x200.gif
http://imprc-resources.azureedge.net/483fd4f4-b384-4e50-86ca-d296d1ed8cec/giphy.gif
https://2012books.lardbucket.org/books/introduction-to-chemistry-general-organic-and-biological/section_23/3de9fd7a4f28ef88a07a40ff576c6190.jpg