Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով \(0° C\) ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ \(100° C\)-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:
Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը \( –273°C\)-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը \( –200°C\) է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը \(+6000 °C\) է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ \(40–41°C\):
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ \(36,6 °C\) է, իսկ \( 42 °C\) -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն