Ջերմային էներգիայի աղբյուրները
Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
 
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:
 
images.jpg
 
Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:
 
7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg
 
Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում \(1\) կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:

Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: \(1\)ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է \(1000000\)Ջ-ի:

Screenshot_1.png
 
Ուշադրություն
Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:
Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։
 
photo_105714.jpg
 
Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:
 
eruzione-geyser-iloveimg-cropped.gif
 
Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիան, քամու էներգիան, Արեգակի էներգիան և այլն:
 
solar-energy.jpg
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն