Հաստատուն մագնիսներ: Դրանց կիրառությունը
Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։
Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։
Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Նկարում պատկերված են հաստատուն, տարբեր ձևերի՝ ձողաձև, պայտաձև և խեցե մագնիսներ։
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։
Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։
Կողմնացույց
Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է հարավային մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսական բևեռը։
Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն