
















Երկրաբանական առանձնահատկությունները
Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ինքնատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները (ապարները):
Ավելի մանրամասն Երկրագնդի երկրաբանական ժամանակագրությանը և տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություններին ծանոթանալու համար կարող ես ուսումնասիրել ստորև բերված աղյուսակը:

Հայկական լեռնաշխարհը ընկած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում:
Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տեղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
Գեոսինկլինալները (երկրածալքերը) երկրակեղևի ընդարձակ անկյուն, խզված, անհարթ մակերևույթով շարժունակ տեղամասեր են, որտեղ չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները, հաճախ են հրաբուխներն ու երկրաշարժերը:
Պլատֆորմները (հարթակները) երկրակեղևի ընդարձակ հարթ, ամուր և կայուն հիմքով տեղամասեր են, ուր լեռնակազմական գործընթացները ավարտվել են և հրաբուխների ժայթքումներ կամ երկրաշարժեր չեն դիտվում:
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ \(25-30\) մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյացնելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով։
Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են։ Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) և Թոնդրակ գործող հրաբուխները և հաճախակի կրկնվող երկրաշարժերը։
Ստեփանոս Օրբելյանը \(735\)թ-ին Վայոց ձորում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին գրում է.
Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր: Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ: Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր:
Միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված Հայկական լեռնաշխարհի ժամանակակից բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ և մի շարք առանձնահատկություններով, որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերվող գծապատկերից.

Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 8-15
«Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան բն, Երևան 2009
«Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան բն, Երևան 2009