Լեռնագրություն
Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը բաղկացած է ոչ միայն տարբեր բարձրության և ծագման (հրաբխային, ծալքավոր և ծալքաբեկորավոր) լեռներից, այլև դրանց միջև ձևավորված հարթավայրերից, որոնք կոչվում են միջլեռնային գոգավորություններ:
Հաշվի առնելով լեռնաշխարհի ռելիեֆի այդ ձևերի տարածվածության (տեղաբաշխման) և տարբեր հատվածներում մակերևույթի ձևերի ծագման առանձնահատկությունները՝ ամբողջ Հայկական լեռնաշխարհը կարելի է բաժանել երկու հատվածի.
 
1. Միջնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ
2. Եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղ­թաներ
  
Միջնաշխարհը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ ներքին տարածքը, իսկ եզրային ծալքաբեկորավոր լեռները հանդիսանում են լեռնաշխարհի սահմանային գոտին: Միջնաշխարհի ձևավորման գործում շատ մեծ դեր է խաղացել հրաբխականությունը: Պատահական չէ, որ այս հատվածում դեռ պահպանվել են գործող հրաբուխներ:
 
1-04.jpg1.jpg
Քարտեզից ակնհայտ երևում է Հայկական լեռնաշխարհի ինչպես ռելիեֆի ձևերի բազմազանությունը, այնպես էլ դրանց տարածման առանձնահատկությունները:
 
Եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզ
Հայկական լեռնաշխարհը իր ուրվագծով կարելի է նմանեցնել ուղղանկյան. այդ դեպքում եզրային ծալքաբեկորավոր լեռները կլինեն այդ ուղղանկյան կողմերը: Քարտեզում հեշտությամբ կողմնորոշվելու և այդ լեռների դիրքը հիշելու համար թվարկումը իրականացվում է ժամսլաքի ուղղությամբ՝ սկսած լեռնաշխարհի հյուսիսային մասից՝ ուղղանկյան վերին կողմից:
Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը՝ Սևանը, Վանը և Ուրմիան, ինչպես նաև Սև ծովը, որոնք հստակ երևում են ստորև բերված քարտեզում, լավ կողմնորոշիչներ են համեմատաբար փոքր լեռնաշղթաները գտնելու համար:
Այսպիսով, առաջարկում ենք.
  • պատկերացնել այդ ուղղանկյունը,
  • քարտեզում գտնել լճերն ու Սև ծովը,
  • դրանից հետո, հաջորդաբար շարժվելով ժամսլաքի ուղղությամբ, գտնել լեռնաշղթաները և լեռնագագաթները:
 qartez.png
Ուղղանկյան հյուսիսային կողմում՝ Սև ծովի ափերին զուգահեռ ավելի քան \(500\) կմ երկարությամբ ձգվում են Արևելապոնտական լեռները, որոնց դեպի հյուսիս նայող լանջերը Հայկական լեռնաշխարհի ամենախոնավ վայրերն են։ Արևելապոնտական լեռներին զուգահեռ՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսում, ձգվում են Հյուսիսային (Հայկական) Տավրոսի լեռները:
Ուղղանկյան արևելյան կողմում տարածվում են Փոքր Կովկասի լեռները, որոնց կենտրոնական հատվածը անցնում է ՀՀ տարածքով: Փոքր Կովկասի լեռները սկսվում են Սև ծովի արևելյան ափերից և հասնում մինչև Արաքս գետի ստորին հոսանք՝ գրեթե մինչև Կասպից ծով: Նրանց զուգահեռաբար ձգվող երկու լեռնաշղթաները Սևանա լճի արևելքում միավորվում են և շարունակվում մեկ շարքով։
Ուղղանկյան արևելյան և հարավային կողմերի միջև անկյունային դիրք ունեն մի շարք լեռնաշղթաներ, որոնցից նշանավոր են Հայկական (Կարադաղի)՝ Ուրմիա լճից հյուսիս-արևելք, Խոյի (Միշուդաղ)՝ Ուրմիա լճի հյուսիսային ափերին և Սավալան (\(4811\) մ) հրաբխային վիթխարի զանգվածը: Սավալան Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երկրորդ լեռն է Մեծ Մասիսից հետո:
Վանա և Ուրմիա լճերի միջև տարածվում և ջրբաժանի դեր են կատարում գրեթե միջօրեականի ուղղությամբ ձգվող Վասպուրականի լեռները: Դրանք շարունակվում են Իրանական լեռնաշխարհի տարածքում՝ կազմելով աշխարհի նշանավոր լեռնաշղթաներից մեկը՝ Զագրոսը։
Ուղղանկյան հարավային կողմը կազմված է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնային համակարգից, որը Հայկական լեռնաշխարհը բաժանում է Միջագետքի դաշտավայրից: Արևելյան Տավրոսն իր ճյուղերով Հայկական լեռնաշխարհի ամենաերկար լեռնային համակարգն է: Վանա լճից հարավ-արևմուտք գտնվող և հորիզոնական ուղղությամբ ձգվող հատվածը հանրահայտ Սասնա լեռներն են՝ Անդոկ, Մարութա և Ծովասար գագաթներով։ Վանա լճից դեպի Ուրմիա լիճ՝ Բաղեշ գետի հովտից արևելք ձգվող լեռների համակարգը կազմված է Կորդվաց, ապա՝ Հաքյարի (Այգառքի) լեռներից։ Հաքյարի լեռների բարձր գագաթ Ջիլոն (\(4168\) մ) Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ չորրորդ լեռն է Մեծ Մասիսից, Սավալանից և Վանա լճի հյուսիսային ափին գտնվող Սիփան հրաբխից հետո։
Ուղղանկյան արևմտյան կողմը կազմում են Թեջերի լեռները: Դրանք համեմատաբար կարճ են և չեն ընդգրկում ամբողջ արևմուտքը: Այդ պատճառով Հայկական լեռնաշխարհի արևմտյան սահմաններն այնքան էլ հստակ չեն:
Միջնաշխարհ
Հայկական բարձրավանդակը (Միջնաշխարհ) պայմանականորեն կարելի է բաժանել լեռնագրական երեք միավորի.

ա) Ներքին Տավրոսի լեռնա­յին համակարգ
բ) Հայկական հրաբխային բարձրավանդակ
գ) միջլեռնային գոգավորու­թյուններ
Ներքին Տավրոսի լեռնային համակարգը զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Միջնաշխարհի կենտրոնական մասով։ Այստեղ առանձնանում է Հայկական Պար լեռնաշղթան, որը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արևմուտք։
Մասիսները Հայկական Պարի մաս չեն կազմում, այլ առանձին հանգած հրաբուխներ են: Ներքին Տավրոսի համակարգին են պատկանում նաև Այծպտկունքի և Մնձուրի լեռնաշղթաները:
1-13.png
Հայկական հրաբխային բարձրավանդակն ընդգրկում է լեռնաշխարհի՝ երիտասարդ լավաներով ծածկված տարածքը և բաժանվում է Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային մասերի։
Հյուսիսային մասում տարածվում են Արդահանի և Ախալքալաքի ընդար­ձակ սարավանդները, Ջավախքի լեռնազանգվածը։ Ջավախքի լեռ­նազանգվածի վրա առանձնանում են սառցադաշտերի կողմից մասնատված Աբուլ և Սամսար գմբեթաձև գագաթները։
 
Կենտրոնական մասը ձգվում է Կարսի սարահարթից մինչև Սյունիքի բարձ­րավանդակ։ Այստեղ առանձնանում են Արագած և Գեղամա լեռնազանգվածնե­րը, բազմաթիվ լավային սարավանդներ։ Հարավային մասի հրաբխային լեռնագրական միավորները տարածվում են հիմնականում Ներքին Տավրոսի և Հայկական Տավրոսի միջև։ Այստեղ է գտնվում Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Մասիսը՝ բիբ­լիական Արարատը (\(5165\) մ), որը աշխարհում հարաբերական բարձրությամբ ամենաբարձր լեռներից մեկն է: 
Mount_Ararat_and_the_Araratian_plain_(cropped).jpg
 
Մեծ և Փոքր Մասիսները Արարատյան դաշտից
 
Հրաբխային բարձրավանդակի հարավային մասի արևմուտքում ձգվում է Բյուրակնի լեռնազանգվածը։ Վերջինս իր անունը ստացել է լեռնազանգվա­ծում գտնվող բազմաթիվ աղբյուրների և մանր լճերի պատճառով։ Դրանցից սնվում են Արաքս գետը և Արածանու մի շարք վտակները։
Հայ ժողովուրդը սրբացրել է Բյուրակնի բարձրավանդակը և զանազան ավանդություններ կապել նրանց հետ:
Օրինակ
Համաձայն ավանդույթի՝ Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռվի ելնելուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ համոզված լինելով, որ հայրենի ջրերը զորություն կտան իր զենքին։
Վանա լճի արևմտյան մասում բարձրանում է Նեմրութ գործող հրաբուխը, որից այժմ էլ դուրս են գալիս տաք գազեր, ջրեր ու գոլորշիներ։ Նեմրութի վերջին ժայթքումներր գրանցվել են \(1441-1442\) թթ.։
Ծաղկանց լեռների արևելյան եզրին գտնվում է Թոնդրակ հրաբուխը, որը մինչ այժմ ծխում է։
Վանա լճի հյուսիսային ափին է գտնվում Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երրորդ գագաթը՝ Սիփան լեռը (\(4434\) մ)։
  
Միջլեռնային գոգավորությունները ձգվում են լեռնային համակարգերին զուգահեռ և համապատասխանում են խոշոր գետերի ու լճերի ավազաններին։
Առանձնանում են Արաքս, Արևմտյան և ԱրևելյանԵփրատ գետերի, Սևանա, Վանա, Ուրմիա լճերի գոգավորությունները։ 
Հայագիտության մեջ միջլեռնա­յին այդ գոգավորությունները կոչվում են նաև դաշտեր։ Այդպիսիք են, օրինակ, Արարատյան, Շիրակի դաշտերը։
  
Ուշադրություն
Դաշտ կոչվող հիշյալ գոգավորությունները չպետք է շփոթել դաշտավայր հասկացության հետ, որը վերաբերում է ծովի մակարդակից ﬕնչև \(200\) մ բացարձակ բարձրություն ունեցող հարթավայրերին:
Արաքսի ավազանում հայտնի են Բասենի և Միջինարաքսյան գոգավորու­թյունները։ Բասենի գոգավորության հատակը՝ Բասենի դաշտը, տարածվում է Արաքսի վերին հոսանքի ավազանում՝ \(1700-1900\) մ բարձրությունների վրա։ Միջինարաքսյան գոգավորության տարածքում առանձնացնում են Արարատյան և Նախիջևանի դաշտերը:
 
Արևմտյան Եփրատի ավազանում առանձնանում են Կարնո և Երզնկայի դաշտերը։ Կարնո դաշտը տարածվում է Արևմտյան Եփրատի ակունքներում՝ \(1800-2000\) մ բարձրության վրա։ Դաշտի հատակը հարթ է, տեղ-տեղ՝ ճահ­ճոտ։ Այստեղ շատ են հանքային աղբյուրները։ Երզնկայի դաշտը տարածվում է Արևմտյան Եփրատի միջին հոսանքում՝ \(1200-1400\) մ բարձրության վրա։ Այն Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից է։
 
Արևելյան Եփրատի (Արածանու) ավազանի միջլեռնային գոգավորություններից նշանավոր են Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը։ Ալաշկերտի դաշտն ամենաբարձրն է. գտնվում Է \(1700-1900\) մ բարձրության վրա։ Հոսքն ի վար նրան հաջորդում է Մանազկերտի դաշտը: Մշո դաշտը ձուլվում է Սասնա լեռների հյուսիսահայաց լանջերին։ Այն ծածկված է բարեբեր հողերով, դաշտի կենտրոնով հոսում է Մեղրագետը։ Մշո դաշտից արևմուտք՝ Արածանու ստորին հոսանքում, որտեղ միախառնվում են Արևմտյան և Արևելյան Եփրատի ջրերը, տարածվում է Խարբերդի դաշտը։ Դաշտի մեծ մասն այժմ զբաղեցնում է Քեբանի խոշոր ջրամբարը։
 
Mijlernayin.png
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 8-15
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006,
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Mount_Ararat_and_the_Araratian_plain_%28cropped%29.jpg/1280px-Mount_Ararat_and_the_Araratian_plain_%28cropped%29.jpg