Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզ
Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։

Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։
 
Արտաքին շարին են պատկանում Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռնաշղթաները, որոնք միմյանցից բաժանված են Դեբեդ և Աղստև գետերի հովիտներով։
 
Ներքին շարին են պատկանում Բազումի, Շիրակի, Փամբակի և վերջինիս ճյուղ հանդիսացող Ծաղկունյաց միջին բարձրության լեռնաշղթաները։ Բազումի լեռնաշղթայի վրա հայտնի է Պուշկինի լեռնանցքը, որով անցնում է Փամբակ գետի հովիտը (Սպիտակ, Վանաձոր քաղաքները) Լոռու դաշտին (Տաշիր և Ստեփանավան քաղաքներին) կապող ավտոմայրուղին։
 
Պուշկինի լեռնանցքի տարածքում է նաև ՀՀ միակ գործող հողմաէլեկտրակայանը: Շիրակի լեռնաշղթան սկսվում է Ախուրյանի հովտից և ավարտվում Փամբակ գետի վերին հոսանքի գետահովտով։ Այն Ջաջուռի լեռնանցքով բաժանվում է Փամբակի լեռնաշղթայից: Ջաջուռի լեռնանցքով է անցնում Գյումրի-Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղին:
 
Ներքին շարի լեռնաշղթաներից ամենաերկարը Փամբակի լեռնաշղթան է, որի ամենաբարձր գագաթը Թեժ լեռն է (\(3101\) մ)՝ հայտնի իր նեֆելինային սիենիտի պաշարներով։ Փամբակի լեռնաշղթան ձգվում է Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք՝ արևելքում: Ծաղկունյաց լեռնաշղթայի բարձր գագաթ Թեղենիսի լանջին է Ծաղկաձորի հանգստյան գոտին։
 
DUsqfaKW0AE5bGc.jpg
 
Նկար 1. Ծաղկաձորի և հարակից տարածքների համայնապատկերը Թեղենիսի լանջից
  
Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթում ներքին շարին միանում է Փոքր Կովկասի Հյուսիսային լեռնաշղթաների արտաքին շարը և ձգվում է մինչև Արաքսի հովիտը։ Այս համակարգում հայտնի են Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի և Մռավի լեռնաշղթաները, որոնց մի քանի գագաթների բարձրությունն անցնում է \(3000\) մ-ից, իսկ Գոմշասար (Արիության լեռ) գագաթինը հասնում է \(3724\) մ-ի։ Այս համակարգի բոլոր լեռները, բացի Մռավից, եզրավորում են Սևանա լիճը:

Միջլեռնային գոգավորություններից Հյուսիսային մարզում առանձնանում է Լոռու գոգավորությունը։ Այստեղով է հոսում Դեբեդի վտակ Ձորագետը։ Լավաներով, տուֆերով և լճային նստվածքներով լցված Շիրակի գոգավորությունը արևմուտքում (Թուրքիայի տարածքում) միաձուլվում է Կարսի սարահարթին։
Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզ
Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Ուրծի, Վայքի և Զանգեգուրի լեռնաշղթաներն իրենց լեռնաբազուկներով, որոնք համատեղ կազմում են Փոքր Կովկասի Մերձարաքսյան  համակարգը։

Ուրծի լեռնաշղթան, որը բուսածածկույթից զուրկ է, լերկ լանջերով, ձգվում է Արարատյան դաշտի եզրով՝ կենտրոնական մասում հասնելով գրեթե \(2450\) մ բարձրության։ Լեռները հայտնի են կրաքարի պաշարներով, որոնց հիման վրա էլ գործում է Արարատի ցեմենտի գործարանը:
 
Ուրծի լեռնաշղթային զուգահեռ՝ նրանից հարավ-արևելք, մինչև Զանգեզուրի լեռնաշղթա, ձգվում է Վայքի լեռնաշղթան, որը ջրբաժան է Արփայի և Նախիջևանի գոգավորությունների միջև։ Այստեղ կրաքարային ապարների մեջ առաջացել են կարստային քարանձավներ, որոնցից նշանավոր են Մոզրովի և Մագիլի քարանձավները։
 
Մոզրով_3.jpg
 
Նկար 2. Մոզրովի քարանձավը ՀՀ Վայոց Ձորի մարզի տուրիստական գրավչություններից մեկն է, որն ունի պահպանության սուր կարիք (\(toptrip.info\))
 
Միջօրեականի ուղղությամբ՝ ոսկու պաշարներով հայտնի Ամուլսարից մինչև Արաքսի հովիտը ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթան։ Նա ամենաբարձրն է Փոքր Կովկասի լեռնահամակարգում։ Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (\(3904\) մ)։ Հայտնի են լեռնաշղթայի հյուսիսային մասում գտնվող Որոտանի (\(2344\) մ) և Սիսիանի (\(2345\) մ) լեռնանցքները։ Որոտանի լեռնանցքով անցնում է Երևան–Մեղրի ավտոմայրուղին, իսկ Սիսիանի լեռնանցքով տրանսպորտային կապ է հաստատվում Նախիջևանի գոգավորության հետ։

Զանգեզուրի լեռնաշղթայից սկսվում և համարյա ուղղահայաց դեպի արևելք են ձգվում Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները, որոնք մասնատված են Որոտան, Ողջի, Ծավ և այլ գետերի՝ մինչև \(500\) մ խորություն ունեցող հովիտներով։ Բարգուշատի լեռնաշղթայի և Սյունիքի հրաբխային լեռնավահանի համաձուլվածք է \(700\) մ խորությամբ Որոտանի կիրճը:
 
0_febc4_fc989b0_orig.jpg
 
Նկար 3. Տաթևեր ճոպանուղուց դեպի որոտանի կիրճ, Զանգեզուրի և Բարգուշատի լեռներ բացվող տեսարան
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 39-42
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009
https://toptrip.info/wp-content/uploads/2017/07/Teghenis_Tsaghkadzor-800x380.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/05/%D5%84%D5%B8%D5%A6%D6%80%D5%B8%D5%BE_3.JPG
https://img-fotki.yandex.ru/get/5607/6846803.20/0_febc4_fc989b0_orig.jpg