Միջազգային ավտոմոբիլային ուղիները, խողովակաշարերը
Ժամանակակից կյանքում միջազգային ավտոմոբիլային ուղիների նշանակությունը մեծանում է՝ կապված ավտոտրանսպորտի միջոցով բեռնափոխադրումների միջին հեռավորությունների մեծացման և միջազգային չափանիշներով միջպետական մայրուղային ճանապարհաշինության զարգացման հետ:
Միջազգային ավտոուղիների միասնական խիտ ցանց է ձևավորվել Եվրոպական զարգացած երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա և այլն) և Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա):
Եվրոպայի ավտոուղիների միասնական ցանցին միջպետական ճանապարհներով միացած է նաև Հայաստանը, ինչը հնարավորություն է տալիս եվրոպական որևէ երկրից ավտոմեքենայով անարգել հասնել Հայաստան:
Ամերիկա աշխարհամասում նշանավոր Պանամերիկյան մայրուղին միավորում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների մայրուղիները, որոնք Ալյասկայից հասնում են Արգենտինայի հարավ:
Պանամերիկյան մայրուղին
Աշխարհի օդային ուղիների աշխարհագրությունը որոշվում է միջազգային օդանավակայանների աշխարհագրությամբ։ Աշխարհի խոշորագույն օդանավակայաններից են (տարեկան \(1\) մլրդ-ից ավելի ուղևոր) Ատլանտայի, Պեկինի օդանավակայանները:
Միջազգային նշանակության օդային ուղիները հիմնականում ձգվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի օդանավակայաններից դեպի աշխարհի այլ տարածաշրջանների, հատկապես Արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ամերիկայի օդանավակայաններ:
Օրինակ
Օդային ուղիների խոշորագույն հանգույցներ են Չիկագոն, Նյու Յորքը, Տոկիոն, Լոնդոնը, Փարիզը, Վիեննան, Մոսկվան, Սեուլը, Սինգապուրը։
Տեսարան Չիկագոյի օդանավակայանից | Տեսարան Սինգապուրի օդանավակայանից |
Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայանը
Միջպետական խողովակաշարերը միջազգային տրանսպորտային համակարգի բաղադրիչներից են: Ռուսաստանից, Պարսից ծոցից, Կենտրոնական Ասիայից, Հյուսիսային Աֆրիկայից և Մեքսիկական ծոցից ձգվող նավթամուղներն ու գազամուղները վառելիքային ռեսուրսների միջազգային բեռնափոխադրումների կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ուղիներ են։
Օրինակ
Խողովակաշարերի մեծ մասն ուղղված է դեպի Եվրոպա, ընդ որում` որոշ խողովակաշարեր անցնում են Միջերկրական ու Սև ծովերի հատակով, հասնում են Իտալիա, իսկ այնտեղից` Գերմանիա ու Ֆրանսիա։
Միջպետական խողովակաշարերի ցանցը նույնպես ընդլայնվում է: Մասնավորապես մեր տարածաշրջանում նոր կառուցված խողովակաշարերից են Իրան-Հայաստան գազամուղը, Ռուսաստանից Սև ծովի հատակով Թուրքիա հասնող գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Միջազգային տրանսպորտային հաղորդակցությանը մեծապես նպաստում է տրանսպորտային միջանցքների ստեղծումը։
Տրանսպորտային միջանցքներ են համարվում այն մայրուղիները, որոնք օգտագործվում են պետությունների միջև անարգել և ուղղակի բեռնափոխադրումներ իրականացնելու համար։
Այդպիսի տրանսպորտային միջանցքներ են ստեղծված Եվրամիության անդամ երկրների միջև (օրինակ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ և այլն):
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.businessinsider.com/16-busiest-airports-in-the-world-2016-4
https://www.youtube.com/watch?v=DndEKVGpL3k
www.portshanghai.com.cn
www.singaporepsa.com
www.szport.net
www.mardep.gov.hk
www.zhoushan.cn/english