Անասնապահությունը
Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներում` վայրի կենդանիների ընտելացմամբ:
Հետագայում մարդը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ:
Ուշադրություն
Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու, իսկ թեթև արդյունաբերությանը` բնական հումքի որոշ տեսակներ (օրինակ` բուրդ և մորթի):
Անասնապահությունն աչքի է ընկնում ճյուղային մեծ բազմազանությամբ:
Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:
Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ (\(1,5\) մլրդ գլուխ) բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան \(1/3\)-ը:
Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակն ամենուրեք միատեսակ չեն:
Ուշադրություն
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով աշխարհում առաջին տեղում է Հնդկաստանը: Նրան հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-ը:
Ոչխարաբուծությունը (\(1,1\) մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:
Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում են և օգտվում են բնական արոտներից: Իրանում, Աֆղանստանում, Թուրքիայում զարգացած է երկար և որակյալ բուրդ` մոհայր տվող այծերի բուծումը: Այծերը գլխաքանակով (\(0,9\) մլրդ գլուխ) զիջում են ոչխարներին:
Անասնապահության ենթաճյուղերը
Անասնապահության ենթաճյուղերը | Նկարներ |
խոշոր եղջերավոր անասնապահություն | |
մանր եղջերավոր անասնապահություն | |
տավարաբուծություն | |
ոչխարաբուծություն | |
այծաբուծություն | |
խոզաբուծություն | |
թռչնաբուծություն | |
ջայլամաբուծություն | |
գազանաբուծություն | |
ձիաբուծություն | |
ձկնաբուծություն | |
յակաբուծություն | |
մեղվաբուծություն | |
ուղտաբուծություն | |
ճագարաբուծություն | |
եղջերվաբուծություն | |
շերամապահություն | |
շնաբուծություն |
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.vancats.ru/Podvor_kozovodstvo_porody_koz.htm