Արդյունաբերություն. Ընդհանուր բնութագիրը և տեղաբաշխումը
Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է: 
Ուշադրություն
Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է:
Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ:
Օրինակ
Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց, մրգի և բանջարեղենի պահածոներ): 
Օրինակ
Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):
ինդ.jpg
Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլև էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաև դեպի վար հոսող ջրի և այլ աղբյուրներից ստացվող էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի: 
 
Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:
1.jpg      
Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:
 
Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:
 
mining.jpg

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից:
 
Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:
 
Culture-Vixen-Wintibaugh-Wheatley-Cheese-Dairy-2.jpg
 
Ուշադրություն
Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը:
Օրինակ
Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:
Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:
Արդյունաբերության տեղաբաշխումն ունի բավականին բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բնական, տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական բազմաթիվ գործոնների ազդեցությամբ:
 
Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ ունի տեղաբաշխման իրեն բնորոշ հատկանիշներ: Օրինակ` պղնձաձուլության տեղաբաշխման գլխավոր հատկանիշը հումքատարությունն է, ալյումինաձուլությանը՝ էներգատարությունը, իսկ սարքաշինությանը` աշխատատարությունը:
 
Թեթև արդյունաբերությունն արդյունաբերության հին ճյուղերից մեկն է, որն աչքի է ընկնում աշխատատարությամբ:
 
2.jpg
 
Մեքենաշինությունն արդյունաբերության նոր ճյուղերից է, որին բնորոշ են գիտատարությունը, աշխատատարությունը, հումքատարությունը:
 
3.jpg
 
Տիեզերական հրթիռաշինությունն արդյունաբերության նորագույն ճյուղերից է, որին հատուկ է գիտատարությունը:
 
4.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ա. Խաչատրյան, Աշխարհագրության խնդրագիրք, Երևան, «Արևիկ»,\(2012\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008