Աշխարհագրական թաղանթ
Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:
Ուշադրություն
Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:
Աշխարհագրական թաղանթի սահմանները
Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է \(40\) կմ:
Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:
Ուշադրություն
Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:
Ուշադրություն
Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:
Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:
Աղբյուրները
Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Մանասյան Մ., Աշխարհագրություն 6, Աստղիկ գրատուն հրատ., Երևան 2007