Հյուսիսային Ամերիկայի ներքին ջրերի առանձնահատկությունները
Հյուսիսային Ամերիկայի ջրագրական ցանցը ունի զարգացման և տեղաբաշխման մի շարք առանձնահատկություններ: Նախ և առաջ Հյուսիսային Ամերիկայում գետերը և լճերը տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, ինչը պայմանավորված է տեղումների անհավասարաչափ բաշխմամբ: Ջրագրական ցանցը ամենախիտն է մայրցամաքի հյուսիսում, որտեղ խոնավացման գործակիցը առավել բարձր է:
Խոնավացման գործակիցը հաշվում են եկած տեղումների քանակը հարաբերելով տվյալ ջերմաստիճանային պայմաններում գոլորշացման ենթակա ջրի քանակին (գոլորշունակությանը):
Որքան գործակիցը մեծ է, այնքան տարածքը ավելի խոնավ է:
Հյուսիսային հատվածում են տարածվում ամենախոշոր լճերը, որոնք ունեն սառցադաշտային ծագում և մի շարք խոշոր գետեր: Գերխոնավ պայմանների արդյունքում հյուսիսում շատ են նաև ճահիճները: Խոնավացման գործակիցը մեծ է նաև մերձարևադարձային և արևադարձային խոնավ կլիմայի մարզերի սահմաններում, ինչի շնորհիվ այդ հատվածներում նույնպես գետերը բավական խիտ ցանց են ստեղծում և առկա են նաև ճահիճներ, ինչպես օրինակ Ֆլորիդա թերակղզու տարածքում:
Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածի տիեզերական լուսանկարի վրա ակնհայտ երևում են հազարավոր մեծ ու փոքր սառցադաշտային ծագման լճերը
Առանձնահատկություն է նաև այն, որ առավել հզոր գետերը պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին և հիմնականում գտնվում են բարեխառն և տաք ջերմային գոտիների սահմաններում, սակայն դրանք դանդաղահոս են: Ի հակադրություն վերջինների՝ Խաղաղ օվկիանոսի ավազանի գետերը հիմնականում կարճ են, սակայն արագահոս, ինչի շնորհիվ ունեն մեծ ջրաէներգետիկ պոտենցիալ:
Հյուսիսային Ամերիկայի քարտեզ
Հյուսիսային Ամերիկայի գետերն ու լճերը
Միսիսիպի գետի դելտան հազարամյակների ընթացքում ընդարձակվելով՝ պատճառ է դառնում նեկայիս ԱՄՆ ցամաքային տարածքի բնական ճանապարհով մեծացման: Նկարի \(2010\) թ. ի պատկերում նաև ակնհայտ երևում է \(2005\) թ. Կատրին փոթորկի հետևանքը Միսիսիպիի գետաբերանում, որը կրճատվել է:
Ատլանտյան օվկիանոսի ավազանի մյուս խոշոր գետը՝ Սուրբ Լավրենտիոսը, կապում է Մեծ Լճերի համակարգը և մասնավորապես Օնտարիո լիճը Ատլանտյան օվկիանոսին: Քանի որ Սուրբ Լավրենտիոսը նավարկելի է, իսկ Մեծ Լճերը առաջացնում են փոխկապակցված համակարգ, նավերը կարող են Ատլանտյան օվկիանոսից հասնել օրինակ` մինչև Չիկագո քաղաք Միչիգան լճի ափին: Մեծ Լճերի համակարգում՝ Էրի և Օնտարիո լճերի միջև կապ է հանդիսանում Նիագարա գետը, որի վրա է համանուն ջրվեժը: Չնայած իր ոչ մեծ բարձրությանը՝ այն այնքան ջրառատ է, որ ջրվեժի ձայնը լսվում է նույնիսկ \(25\) կմ հեռավորության վրա: Նիագարայի ջրվեժը Այծի կղզով բաժանվում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև և հսկայական եկամուտ բերում երկու երկրին էլ, այստեղ այցելող միլիոնավոր տուրիստների շնորհիվ:
Մեկ հատված Նիագարայի ջրվեժներից, որոնց ընդհանուր ձգվածությունը հասնում է \(1,2\) կմ
Ատլանտյան Օվկիանոսի ավազանի մյուս խոշոր գետը՝ Ռիո Գրանդեն, թափվում է Մեքսիկական ծոց և դրանով է անցնում ԱՄՆ-ի և Մեքսիկայի պետական սահմանը: Խաղաղ օվկիանոսի ավազանին են պատկանում Յուկոն գետը, որն ամենաերկարն է այս ավազանում, Կոլումբիան, որը հայտնի է իր ջրաէներգետիկ մեծ պոտենցիալով, ինչի շնորհիվ էլ նրա վրա կառուցվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր ջրային էլեկտրակայանը՝ Գրանդ Կուլին և Կոլորադոն, որը հայտնի է իր գեղատեսիլ կանյոնով: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի ամենաերկար գետը Մաքենզին է:
Խաղաղ օվկիանոսի ավազանի գետերից Կոլումբիան (ձախից) հայտնի է իր հզոր ջրաէլեկտրակայաններով, իսկ Կոլորադոն (աջից) Մեծ կանյոնով
Հյուսիսային Ամերիկան հարուստ է խոշոր լճերով, որոնք հիմնականում ունեն սառցադաշտային ծագում և քաղցրահամ են: Այս օրինաչափությունից դուրս է մնում Մեծ Աղի լիճը՝ Կորդիլիերյան լեռների համակարգում: Ամենահայտնի լճերի խումբը կոչվում է Մեծ Լճեր, որոնք կազմված են միմյանց հետ փոխկապակցված հինգ լճերից՝ Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո: Մեծ լճերից ամենախոշորը և ընդհանրապես աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լիճը Վերինն է:
Մեծ Աղի լիճը կալիումական աղի հսկայական մատակարար է ԱՄՆ համար
Մեծ Լճերի համակարգից հյուսիս գտնվում են մի շարք նշանավոր քաղցրահամ լճեր. Վիննիպեգ, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի և այլն, որոնք բոլորը խիստ հարուստ են նաև ձկնային պաշարներով: Հետաքրքիր է Մեծ Ստրկական լճի անվան ծագումնաբանությունը:
Ուշադրություն
Անգլերենում այն հնչում է որպես Գրեյթ Սլեյվ, ինչը նվիրված է այստեղ բնակված Սլեյվի կոչվող հնդկացիական ցեղի անվանը, սակայն թարգմանաբար Սլեյվ անգլերեն բառը նշանակում է ստրուկ, ինչի շնորհիվ էլ առաջացել է թյուրիմացությունը և լիճը սխալմամբ անվանվել է Մեծ Ստրկական, այլ ոչ թե Մեծ Սլեյվ:
Այն ամենախորը լիճն է Հյուսիսային Ամերիկայում: