Բնական զոնաների առանձնահատկությունները
Հյուսիսային Ամերիկայի բնական զոնաների տարածական բաշխումն աչքի է ընկնում հետաքրքիր յուրահատկությամբ. մայրցամաքի բարեխառն կլիմայական գոտուց մինչև ծայր հարավ բնական զոնաները միմյանց հերթափոխում են ոչ միայն հյուսիսից հարավ, այլև հորիզոնական ուղղությամբ՝ արևելքից արևմուտք, ինչը պայմանավորված է մայրցամաքի արևելքում և արևմուտքում լեռնաշղթաների առկայությամբ, որոնք առաջացնում են կլիմայական պայմանների օրինաչափ փոփոխություններ ծովափնյա շրջաններից դեպի մայրցամաքի ներքին շրջաններ:
Առանձնահատկություն է նաև այն, որ մայրցամաքի հյուսիսային հատվածների բնական զոնաները մարդու կողմից ավելի քիչ են ձևափոխված և խախտված, քան ավելի հարավում գտնվողները, քանի որ հյուսիսում չկան բավարար պայմաններ մարդկանց տնտեսական գործունեության համար: Հենց մարդու տնտեսական գործունեությունն է պատճառը, որ ներկայումս բազմաթիվ կենդանիներ և բույսեր մայրցամաքում գտնվում են ոչնչացման եզրին կամ ունեն հատուկ պահպանության կարիք, ինչի շնորհիվ էլ ԱՄՆ-ն այսօր աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնության հատուկ պահպանվող տարածքների (ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր և այլն) ընդհանուր մակերեսով: Եվս մեկ առանձնահատկություն է այն, որ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում գտնվող բնական զոնաները շատ նման են Եվրասիայի բնական զոնաներին, իսկ հարավի բնական զոնաները՝ Հարավային Ամերիկայի բնական զոնաներին, ինչը պայմանավորված է այս մայրցամաքների տարածական մոտիկությամբ:
Հյուսիսային Ամերիկայի բնական զոնաները
Բնական զոնաների նկարագիրը
Մայրցամաքի ծայր հյուսիսում և հարակից Կանադական-Արկտիկական ու Գրենլանդիա կղզիներում է տարածվում սառցային անապատների կամ այլ կերպ ասած արկտիկական անապատների բնական զոնան: Այստեղ, արկտիկական կլիմայական գոտու սահմաններում, դիտվում են սառնամանիքային եղանակներ և քիչ քանակի տեղումներ, որոնք հիմնականում գալիս են ձյան տեսքով՝ առաջացնելով ոչ միայն հզոր ձնածածկույթ, այլև սառցադաշտեր, ինչի արդյունքում բնական բուսականությունը չափազանց աղքատ է: Միայն ամառային կարճատև ժամանակահատվածում, այն էլ հիմնականում կղզիների մերձափնյա շրջաններում աճում են մամուռներ և քարաքոսեր, որոնք կենսական նշանակություն ունեն այստեղ բնակվող ոչ միայն բուսակեր կենդանիների, այլև ամենահզոր գիշատչի՝ սպիտակ արջի համար: Նման խիստ բնակլիմայական պայմանների արդյունքում հողագոյացման պրոցես համարյա տեղի չի ունենում, ինչի պատճառով սառցային անապատների զոնայի հողերին կոչում են կմախքային: Կենդանական աշխարհն ավելի հարուստ է: Բացի սպիտակ արջից՝ բնորոշ կենդանիներից են նաև բևեռային գայլը, բևեռային աղվեսը, բևեռային բուն, փոքրիկ կրծող լեմինգը և բազմաթիվ թռչունները, որոնք ինչպես և Անտարկտիդայում, առաջացնում են թռչնաշուկաներ:
Ավելի հարավ, մերձարկտիկական գոտու սահմաններում, Ալյասկայից մինչև Լաբրադոր թերակղզի է տարածվում տունդրայի զոնան: Չնայած այս զոնային նույնպես բնորոշ են սառնամանիքային ձմեռները և կարճատև ամառները, սակայն, բարեխառն օդային զանգվածների ազդեցության շնորհիվ, այստեղ միջին ամառային ջերմաստիճանները կարող են հասնել \(+10\)°C, ինչի շնորհիվ հողագոյացման գործընթացն ավելի ակտիվ է և ձևավորվում են տունդրագլեյան հողերը: Տունդրայի զոնային բնորոշ են սառցային անապատների զոնայի բոլոր բույսերն ու կենդանիները, ինչպես նաև մայրցամաքի էնդեմիկներից մեկը՝ կարիբուն: Այս խոշոր եղջերուն տունդրայում հանդիպող արջերի ամենացանկալի որսն է: Զոնայի հարավում պայմանները բավարար են նաև ավելի բարձրակարգ բույսերի, ինչպիսին է հավամրգին և գաճաճ ծառերի աճի համար, ինչպիսիք են կեչին և լաստենին, որոնց բարձրությունը այս զոնայում չի գերազանցում մարդու բարձրությանը:
Աշնան սկզբին տունդրան նմանվում է գունազարդ գորգի
Բարեխառն անտառների բնական զոնան մայրցամաքում բաժանվում է երկու ենթազոնայի, որոնց նույնպես ընդունված է անվանել զոնա: Դրանք միմյանցից տարբերվում են բնակլիմայական պայմաններով, ինչի շնորհիվ ծառային կազմը նույնպես տարբեր է: Այսպես, բարեխառն անտառների բնական զոնայի արևելյան և հարավային հատվածներում տարածվող խառը և լայնատերև անտառների ենթազոնային բնորոշ են \(1000-2000\) մմ տեղումները, մառախլապատ եղանակները, մեղմ ձմեռները և համեմատաբար տաք ամառները, իսկ Մեծ Լճերից արևմուտք և հյուսիս տարածվող տայգայի կամ փշատերև անտառների ենթազոնային՝ ավելի քիչ՝ \(500-800\) մմ տեղումները, ցուրտ ձմեռները և զով ամառները: Տայգայի զոնայում հումուսի ցածր պարունակությամբ պոդզոլային հողերի վրա աճում են եղևնիներ, սոճիների տարբեր տեսակներ, եղևին, խեժափիճի և այլն, իսկ խառը և լայնատերև անտառների զոնային առավել բնորոշ են սաղարթավոր ծառերը՝ կաղնի, կեչի, թխկի, որը նաև Կանադայի խորհրդանիշն է և պատկերված է երկրի դրոշին: Այս հատվածում հողերն ավելի որակյալ են և կոչվում են գորշ անտառային: Կենդանական աշխարհը նույնպես հարուստ է և հանդիպում են ինչպես եղջերուներ, այնպես էլ գորշ արջը և դրա էնդեմիկ տարատեսակ գրիզլին, գորշ գայլը, աղվեսը, անտառային թռչուններ, իսկ լեռնային հատվածներում նաև պուման: Գոտում է հանդիպում նաև արջամուկը, որի ձմեռային քնից արթնանալու հետ են ԱՄՆ-ի բնակիչները կապում գարնան սկիզբը և նշում այդ իրադարձությունը հատուկ արարողակարգով:
Ի տարբերություն տայգայի (ձախից), խառը և լայնատերև (աջից) անտառները աշնան վերջում նաև տերևաթափ են լինում
Կենտրոնական և Մեծ հարթավայրերի տարածքում տիրապետող տափաստաններին կամ, ինչպես դրանց անվանում են Հյուսիսային Ամերիկայում, պրերիաներին բնորոշ են \(300-500\) մմ տեղումները և ոչ սառնամանիքային ձմեռները, ինչպես նաև տոռնադոների մեծ ինտենսիվությունը: Համեմատաբար չոր կլիմայի պայմաններում բուսականությունը վերածվում է խոտայինի, որում գերակշռում են հացազգիները՝ փետրախոտ, շյուղախոտ, կծմախոտ, սիզախոտ և այլն: Այս զոնայում են տարածվում գյուղատնտեսության համար ամենապիտանի հողերը՝ սևահողերը: Զոնան հանդիսանում է կրծողների թագավորությունը, սակայն առավել հայտնի կենդանին խոշոր կաթնասուն բիզոնն է, որը ներկայումս անհետացման վտանգի տակ է մարդկանց իրականացրած անխնա գերորսի արդյունքում:
Դասական խոտային բուսականությամբ տափաստանները եզրային հատվածում վերածվում են անտառատափաստանների
Մերձարևադարձային կլիմայական գոտու միջերկրածովային կլիմայի մարզի սահմաններում ձևավորված մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների բնական զոնայի կլիմայի վրա մեծ է Կալիֆորնիական սառը հոսանքի և սեզոնային հերթափոխով այստեղ ներթափանցող արևադարձային և բարեխառն օդային զանգվածների ազդեցությունը, ինչի շնորհիվ զոնային բնորոշ են տաք ու չոր ամառները և մեղմ ու համեմատաբար խոնավ ձմեռները: Զոնային բնորոշ են դարչնագույն հողերը: Այստեղ մարդու տնտեսական գործունեության արդյունքում բնական բուսածածկույթն ու կենդանական աշխարհը շատ են տուժել, սակայն հատուկ խնամքի տակ է գտնվում ամենահայտնի ծառատեսակը մայրցամաքում՝ սեքվոյան կամ կարմիր ծառը, որը ռելիկտային բույս է և դրա հետագա պահպանության համար ԱՄՆ-ում ստեղծվել է Սեքվոյա ազգային պարկը:
Ռելիկտ է կոչվում նախկին երկրաբանական ժամանակահատվածներին բնորոշ բույսը կամ կենդանին, որը պահպանվել է նաև ներկայումս:
Մայրցամաքի արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տարածվող փոփոխական խոնավ անտառների բնական զոնային բնորոշ են շոգ ու խոնավ ամառները՝ \(2000-3000\) մմ տեղումներով, մշտապես \(+20\)°C-ից բարձր ջերմաստիճաններով և համեմատաբար չոր ձմեռները: Զոնայում կարմրահողերի և դեղնահողերի վրա աճում են փարթամ արևադարձային անտառներ, որտեղ շատ են արմավենիները և ծառերը պարուրող լիանները: Ընդհանուր առմամբ, այս զոնան բուսական աշխարհով ամենահարուստն է Հյուսիսային Ամերիկայում: Կենդանական աշխարհը բավական նման է Հարավային Ամերիկայի հյուսիսի կենդանական աշխարհին, որի ներկայացուցիչներից մրջնակերը, զրահակիրը, կոլիբրին, յագուարը և այլն հանդիպում են նաև այստեղ:
Կենտրոնական Ամերիկայի փոփոխական խոնավ անտառները անձրևների սեզոնին
Կորդիլիերաների և Մեքսիկական բարձրավանդակի ներքին շրջաններում տարածվող անապատների և կիսաանապատների բնական զոնային էլ բնորոշ են շոգ ու չոր՝ մինչև \(100-200\) մմ տեղումներով եղանակները: Չորային պայմաններում ձևավորված մոխրագույն և գորշ անապատային հողերի վրա էլ աճում են կակտուսներն ու ագավաները: Անապատների և կիսաանապատների զոնան սողունների թագավորությունն է, որի ամենահայտնի ներկայացուցիչը մայրցամաքում բոժոժավոր օձն է: Հանդիպում է նաև կոյոտը:
Մայրցամաքի անապատների և կիսաանապատների զոնայում հանդիպում են մի քանի մետր բարձրություն ունեցող կակտուսներ