Հարավային Ամերիկայի ներքին ջրերի առանձնահատկությունները
Հարավային Ամերիկան, շնորհիվ իր կլիմայական պայմանների առանձնահատկությունների, աչքի է ընկնում նաև ներքին ջրերի բազմազանությամբ և ջրագրական ցանցի զարգացման առանձնահատկություններով:
Ուշադրություն
Դրանցից գլխավորն այն է, որ ընդհանուր առմամբ մայրցամաքում ջրագրական ցանցը բավական լավ է զարգացած և խիտ է արևելյան հատվածի հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիների սահմաններում, որոնք և զբաղեցնում են մայրցամաքի տարածքի մեծ մասը:
Նկար 1. Արգենտինայի տարածքում գտնվող Պերիտո-Մորենո սառցադաշտը Պատագոնիայի հզոր սառցադաշտի մի փոքր մասն է, սակայն այցելող հազարավոր տուրիստների շնորհիվ մեծ եկամուտ է բերում տեղական բնակչությանը
Գետերն ու լճերը
Հարավային Ամերիկայի ներքին ջրերի գլխավոր «հարստությունը» գետերն են, որոնք խոնավ կլիմայի պատճառով հիմնականում ջրառատ են: Ամենախոշոր և հայտնի գետերն են Օրինոկոն, Ամազոնը, Պարանան, Ուրուգվայը և Լա Պլատան, որոնք բոլորն էլ թափվում են Ատլանտյան օվկիանոս:
Նկար 2. Հարավային Ամերիկայի խոշոր գետերն ու լճերը
Օրինոկո գետը սկիզբ է առնում Գվիանական սարահարթից և հիմնականում հոսելով Օրինոկոյի դաշտավայրի տարածքով՝ հանդիսանում է ջրառատ և հանդարտահոս գետ: Այն վարարում է ամռան սեզոնին՝ պասսատների բերած առատ տեղումների պատճառով: Օրինոկո գետը նշանավոր է նաև նրանով, որ \(1498\)թ.-ին Քրիստափոր Կոլումբոսը, նավարկելով դեպի հարավ, հասավ Օրինոկո գետի գետաբերան և այդպիսով բացահայտեց նաև Հարավային Ամերիկա մայրցամաքը: Օրինոկոյի նշանավոր վտակն է Չուրունը, որի վրա է աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը: Չնայած որ \(1054\) մ բարձրությամբ ջրվեժը բացահայտվել է դեռ \(19\)-րդ դարում, սակայն մեծ ճանաչում է ստացել միայն \(1933\) թ.-ից հետո, երբ կայացավ օդաչու Անխել Ջեյմսի թռիչքը ջրվեժի վրայով:
Նկար 3. Անխելը այն եզակի ջրվեժներից է, որին ցամաքի կողմից հնարավոր չէ մոտենալ
Ամազոն գետը ոչ միայն Հարավային Ամերիկայի, այլև ամբողջ աշխարհի ամենաջրառատ գետն է և ի տարբերություն մայրցամաքի մյուս խոշոր գետերի` այն ունի հոսքի կայուն ռեժիմ (վարք) ամբողջ տարվա ընթացքում: Ամազոնը հոսում է համանուն դաշտավայրով, որը ամենախոշորն է աշխարհում, իսկ Ամազոն գետի ջրհավաք ավազանը (\(7\) մլն կմ²) տարածքով հավասար է ամենախոշոր անապատին՝ Սահարային : Անդերը հաղթահարելուց հետո, Ամազոնը վերածվում է հզոր հարթավայրային գետի, որը նույնիսկ գետաբերանից \(2500\) կմ հեռավորության վրա նավարկելի է: Որոշ մասնագետներ համարում են, որ Ամազոնը ավելի երկար է, քան Նեղոս գետը, սակայն նոր ակունքների բացահայտման շնորհիվ, Նեղոսը պետք է համարել աշխարհի ամենաերկար գետ: Հանդարտահոս լինելու շնորհիվ Ամազոնը առաջացնում է խոշոր գալարներ (գետը մեանդրում է):
Նկար 4. Ամազոն գետի գալարները զգալիորեն երկարացնում են առևտրային նավերի ճանապարհը
Պարանա գետը հոսում է դեպի հարավ և գետաբերանի հատվածում միանալով Ուրուգվայ գետի հետ կազմում է Լա Պլատա գետը և թափվում է Լա Պլատայի ծովածոց: Պարանա գետի խոշոր վտակն է Պարագվայը, իսկ գետի վրա է գտնվում Իգուասու ջրվեժը, որը աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկն է: Ներկայումս Պարանա գետի վրա է կառուցված Հարավային Ամերիկայի ամենահզոր ջրաէլեկտրակայանը՝ Իտայպուն:
Նկար 5. Իգուասուի ջրվեժի տարածքում մշտապես կարելի է ծիածան հանդիպել
Ի տարբերություն գետերի Հարավային Ամերիկայում խոշոր լճերը քիչ են: Հայտնի են Տիտիկական, Պոոպոն և Մարակայբոն: Վերջինս իրականում ծովածոց է, սակայն քանի որ զգալիորեն մեկուսացած է Կարիբյան ծովից և շատ ավելի քաղցրահամ քան հարակից ջրերը, կոչվում է լիճ: Այն նաև ամենամեծ մակերեսն ունի Հարավային Ամերիկայի լճերի շարքում և ամենացածրադիրն է նշված երեք լճերից:
Ոչ միայն Հարավային Ամերիկայի, այլև ամբողջ աշխարհի ամենաբարձրադիր խոշոր լիճն է Տիտիկական, որը, գտնվելով Անդերում, ունի ավելի քան \(3800\) մ բացարձակ բարձրություն: Նշված երեք լճերից այն միակ հուսք ունեցողն է, քանի որ Տիտիկակայից դուրս է գալիս Դեսագուադերո գետը և թափվում Պոոպո լիճ: Այսինքն Տիտիկական և Պոոպոն կապված են միմյանց հետ գետով և հետևաբար Պոոպոն ավելի ցածր է, քան Տիտիկական: Պոոպոն նույնպես աշխարհի բարձրադիր խոշոր լճերից մեկն է, իսկ Հարավային Ամերիկայում երկրորդը: Այն նաև ավելի փոքր է քան Տիտիկական, հետևաբար, մայրցամաքի երեք խոշոր լճերի շարքում ամենացածրադիրն է:
Նկար 6. Տիտիկակա լճի Բոլիվիվիային պատկանող հատվածից բացվող տեսարան դեպի Անդեր