Աշխարհագրական դիրքը
Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:
4.jpg
 
Հարավային Ամերիկան աշխարհի ֆիզիկական քարտեզում
  
Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մայրցամաքի հյուսիսային հատվածով է անցնում հասարակածը, որի արդյունքում տարածքի մեծ մասը գտնվում է հարավային կիսագնդում: Հարավային Ամերիկան ունի բավական մեկուսացած դիրք, քանի որ հարևան մայրցամաքներից միակ բնակեցվածը և ամենախոշորը հյուսիսում գտնվող Հյուսիսային Ամերիկան է, իսկ հարավային հարևանը՝ Անտարկտիդան, հիմնականում սառցապատ է և այդ պատճառով՝ չբնակեցված: Մայրցամաքի աշխարհագրական դիրքն ավելի ճշգրիտ որոշելուն նպաստում է մայրցամաքի ծայրակետերի իմացությունը:
 
South America cayraketeri qartez.jpg
 
Հարավային Ամերիկայի ծայրակետերի և Հորն հրվանդանի աշխարհագրական դիրքը
 
Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Ամերիկայի հարավային ծայրակետ Ֆրոուերդից ոչ շատ հարավ՝ Հրո Երկիր կղզիների վրա է գտնվում նաև Ամերիկա աշխարհամասի հարավային ծայրակետը՝ Հորն հրվանդանը
 
CapeHorn.jpg
 
Հորն հրվանդան: Այս ժայռերը Ամերիկայի հարավային վերջավորությունն են
Ամերիկայի ափագիծը
Հարավային Ամերիկայի ափերը հիմնականում քիչ են կտրտված, ինչի շնորհիվ քիչ են նաև խոշոր կղզիներն ու թերակղզիները:
Այսպես, թերակղզիներից քիչ թե շատ աչքի են ընկնում Վալդեսը, Գուախիրան և Պարագուանան, որոնք բոլորն էլ Ատլանտյան օվկիանոսի ավազանում են: Վալդես թերակղզին մայրցամաքի հարավ-արևելքում է և դրա վրա է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ \(-40\) մ: Հյուսիսում, միմյանց զուգահեռ Կարիբյան ծովի մեջ են մխրճվում Պարագուանա և Գուախիրա թերակղզիները: Վերջինիս վրա է մայրցամաքի հյուսիսային ծայրակետը՝ Գալինյաս հրվանդանը
Կղզիներից խոշոր են մայրցամաքի հարավում գտնվող Հրո Երկիր կղզիախումը, որն իր անունը ստացել է Ֆեռնան Մագելանի արշավախմբից, քանի որ կղզու վրա բնակվող հնդկացիական ցեղերը տաքանալու համար ամենուր կրակ էին վառում և ճանապարհորդներին թվացել է, թե կղզիները հրաբխային են:
Հրո Երկիր կղզիները մայրցամաքից բաժանվում են Մագելանի նեղուցով, իսկ Անտարկտիդայից՝ Դրեյկի նեղուցով:
 
Hro Erkir.jpg
 
Հրո Երկիր կղզիներում է գտնվում աշխարհի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան 
 
Մայրցամաքի հարավ արևելքում է գտնվում Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև կռվախնձոր հանդիսացող Ֆոլկլենդյան կամ, ինչպես ասում են Արգենտինայում, Մալվինյան կղզիները, որոնք ներկայումս Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո են: Խաղաղ օվկիանոսի ավազանում են գտնվում Չիլիին պատկանող Չիլիական կղզեխումբը, որը մայրցամաքի հարավային ափամերձ գոտում ամենաերկարաձգված և մեծաքանակ կղզիների խումբն է և Զատկի կղզին, որը մարդկանց քարե առեղծվածային արձաններով հայտնի հրաբխային կղզի է Չիլիի ափերից բավական մեծ հեռավորության վրա:
 
Easter-Island-Chile.jpg
 
Զատկի կղզում գտնվող այս հսկայական արձանների ծագումը և նշանակությունը մարդկության ամենամեծ գաղտնիքներից են
 
Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում է գտնվում Էկվադորին պատկանող և էնդեմիկ յուրահատուկ բնությամբ հայտնի Գալապագոսյան կղզիները, ուր այցելել է հանրահայտ բնագետ Չարլզ Դարվինը: Հարավային Ամերիկայի հյուսիսում հայտնի են Փոքր Անտիլյան կղզիները, որոնք արևելքից եզրավորում են Կարիբյան ծովը:
 
Հարավային Ամերիկայի ափերի մոտով են անցնում մի շարք օվկիանոսային հոսանքներ և նրանց ճյուղեր, որոնք մեծ ազդեցություն ունեն մայրցամաքի կլիմայի վրա: Դրանցից առավել հայտնի են Գվիանական ու Բրազիլական տաք հոսանքները և Պերուական ու Ֆոլկլենդյան սառը հոսանքները:
 
South America currents labeled.jpg
 
Հարավային Ամերիկայի օվկիանոսային հոսանքները մեծապես ազդում են մայրցամաքի կլիմայի վրա
 
Հարավային Ամերիկայի ափերը ողողող ծովերից և ծոցերից ամենախոշորը Կարիբյան ծովն է, որը Հարավային Ամերիկայի ափերը ողողող միակ ծովն է: Նրա ավազանին են պատկանում Վենեսուելայի և Մարակայբո ծովածոցերը: Վերջինիս ընվունված է անվանել լիճ: Կարիբյան ծովը նաև հայտնի է եղել իր ծովահեններով, ինչը դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարի հիմքը: Մայրցամաքի արևելյան ափերին հայտնի է Լա Պլատայի ծոցը՝ Լա Պլատա գետի գետաբերանում: Դրա ափերին են գտնվում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն:
  
 
Buenos Aires.JPG
 
Տեսարան Բուենոս Այրեսի նավահանգստային տարածքից, որը Լա Պլատա ծոցի սկզբնամասում է
 
Հարավային Ամերիկայի հատվածում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց են կապված մի քանի նեղուցներով և ջրանցքով: Այսպես, Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է \(20\)-րդ դարի սկզբում փորված Պանամայի ջրանցքով, որը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ամենաբանուկ ջրային ուղին է: Սակայն մինչ այդ ջրանցքի հիմնումը, նավերը ստիպված էին շրջանցել Հարավային Ամերիկան դրա հարավում գտնվող Մագելանի նեղուցով, որը բաժանում է Հրո Երկիր կղզիները Հարավային Ամերիկայից և իր անունը ստացել է առաջինը այդ նեղուցով Ատլանտյան Օվկիանոսից Խաղաղ օվկիանոս անցում կատարած Ֆեռնան Մագելանի պատվին: Ավելի հարավ՝ Հրո Երկիր կղզիների և Անտարկտիկական թերակղզու միջև է գտնվում Դրեյկի նեղուցը, որը ամենալայնն է աշխարհում:
 
South America-physical complex.jpg
 
Հարավային Ամերիկա