Օվկիանոսներ
Մեր մոլորակը բաղկացած է ցամաքային և ջրային տարածքներից, որտեղից էլ գալիս է նրա անվանումը «երկու իր-Երկիր», ընդ որում ջրային տարածքներն ավելի քան \(2\) անգամ գերազանցում են ցամաքին:
Ընդհանուր առմամբ մայրցամաքների ափերը ողողող ջրային տարածքները միմյանց հետ փոխկապակցված են և միասին առաջացնում են Համաշխարհային օվկիանոսը: Այն բաղկացած է \(4\) օվկիանոսներից՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ:
Նախորդ դարի կեսերից գիտական ասպարեզում ընդունված է այս չորս օվկիանոսներին ավելացնել ևս մեկը՝ Հարավային օվկիանոսը, որը կազմվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային՝ մերձանտարկտիկական ջրերից, սակայն տվյալ նյութը հաշվի չի առնում Հարավային օվկիանոսի գոյությունը և վերաբերում է ավանդաբար ընդունված \(4\) օվկիանոսներին:
Օվկիանոսները, որքան էլ որ կապակցված են միմյանց, սակայն նաև շատ տարբեր են իրենց ջրաջերմային հատկություններով, հատակի ռելիեֆով, տնտեսական կարևորությամբ, ձևավորման ժամանակահատվածով և այլ առանձնահատկություններով: Ամենամեծ օվկիանոսն է Խաղաղը՝ \(179\) մլն կմ², որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի գրեթե կեսը և մի փոքր է զիջում մյուս երեք օվկիանոսներին միասին վերցրած: Մեծությամբ երկրորդն է Ատլանտյան օվկիանոսը՝ \(93\) մլն կմ², որը նաև ամենաերիտասարդն է, քանի որ վերջինն է ձևավորվել մայրցամաքների տրոհման արդյունքում: Ատլանտյան օվկիանոսին հաջորդում է Հնդկական օվկիանոսը՝ \(76\) մլն կմ² և ամենափոքր օվկիանոսն է Հյուսիսային Սառուցյալը՝ \(13\) մլն կմ², որը նաև ամենածանծաղ օվկիանոսն է:
Օվկիանոսների միջև տարված պայմանական սահմանները
Օվկիանոսների միջև սահմանները շատ դեպքերում պայմանական են և անցնում են միջօրեականներով կամ մայրցամաքների ու հարակից կղզիների նախապես որոշված կետերով, սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ամենաշատ թվով ծովերը պատկանում են Խաղաղ օվկիանոսին: Բավական շատ ծովեր ու ծոցեր ունի նաև Ատլանտյան օվկիանոսը: Քանի որ օվկիանոսներն ունեն տարբեր աշխարհագրական դիրք, հատակի բնույթ, կապ մյուս օվկիանոսների հետ, և նրանց մեջ մայրցամաքներից տարբեր քանակի քաղցրահամ ջուր է թափվում գետերի միջոցով, ընդունված է առանձնացնել օվկիանոսների հաջորդականությունն՝ ըստ ջրի միջին ջերմաստիճանի, միջին աղիության, միջին խորության և հատակի ամենացածր կետի խորության:
Օվկիանոսների հաջորդականությունը նվազման կարգով՝ ըստ նշված ցուցանիշների
Հետաքրքիր է, որ Համաշխարհային օվկիանոսի միջին աղիությունից (\(35\) գ/լ աղ) մեծ աղիություն ունեն Հնդկական և Ատլանտյան օվկիանոսները, իսկ Խաղաղը ավելի քաղցրահամ է, և չնայած որ Անտարկտիդայի ափերի մոտ Խաղաղ օվկիանոսը ավելի մեծ տարածք է զբաղեցնում, սակայն միջին ջերմաստիճանով գերազանցում է Ատլանտյան օվկիանոսին, քանի որ վերջինիս ջրերի մեծ մասը կենտրոնացած է բարեխառն գոտում, այլ ոչ արևադարձային, ինչպես որ Խաղաղ կամ Հնդկական օվկիանոսների դեպքում է: Պայմանավորված աշխարհագրական դիրքով և ձևավորման առանձնահատկություններով, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը զիջում է մյուս օվկիանոսներին նշված բոլոր ցուցանիշներով: Օվկիանոսների հատակի ռելիեֆը նույնպես խիստ բազմազան է, որտեղ առանձնանում են ինչպես հզոր ռիֆտային զոնաներ (երկրակեղևի հորիզոնական շարժումների արդյունքում առաջացած խորը պատռվածքներ, որոնց եզրերը վերածվել են լեռնաշղթաների), այնպես էլ ավելի փոքր, սակայն ակտիվ հրաբխականությամբ և երկարաշարժներով աչքի ընկնող լեռնազանգվածներ:
Օվկիանոսների հատակի ռելիեֆում հստակ առանձնանում են ռիֆտային զոնաները (մուգ գույնի գծերը օվկիանոսներում), որոնք վկայում են նաև մայրցամաքների շարժումների մասին
Ամենահայտնի ռիֆտային զոնան ստացել է Միջինատլանտյան լեռնաշղթա անվանումը: Այն Տ-աձև ձգվում է ամբողջ Ատլանտյան օվկիանոսի տարածքով՝ հյուսիսից-հարավ ուղղությամբ և դրա վրա է գտնվում Իսլանդիա կղզին` իր բազմաթիվ հրաբուխներով: Խաղաղ օվկիանոսի արևմուտքով ձգվող գոտում էլ գտնվում են \(25\) հզոր փողրակներ (անդունդներ), որոնցից ամենահայտնին է Մարիանյան իջվածքը \(11022\ \)մ խորությամբ: Այն աշխարհի ամենացածր իջվածքն է: Դրանից ոչ հեռու գտնվում է նաև Հնդկական օվկիանոսի ամենացածր կետը՝ Զոնդյան իջվածքը (\(7729\) մ), որը սակայն զիջում է խորությամբ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական գոտու արևմուտքում գտնվող Պուերտո Ռիկոյի իջվածքին (\(8742\) մ): Հետաքրքիր է նաև, որ ամենափոքր մակերեսով ծանծաղուտը (օվկիանոսների և ծովերի մինչև \(200\) մ խորությամբ հատվածներ) բաժին է ընկնում Հնդկական օվկիանոսին (օվկիանոսի տարածքի մոտ \(5\)%), սակայն այդ ծանծաղուտի գոտում է տեղաբաշխված աշխարհի հետազոտված նավթի պաշարների մեծ մասը (Պարսից ծոցի ավազան): Մյուս օվկիանոսների ծանծաղուտային գոտիները նույնպես աչքի են ընկնում նավթի և գազի հարուստ պաշարներով (Մեքսիկական, և Գվինեական ծոցերի ու Հյուսիսային ծովի տարածքը Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆորնիայի ծոցը Խաղաղ օվկիանոսում):
Բրազիլիային պատկանող նավթարդյունահանող կայան Ատլանտյան օվկիանոսում
Ստորջրյա հրաբխականության և երկրաշարժերի արդյունքում հաճախ են գրանցվում ցունամիներ (ճապոներենից թարգմանաբար՝ ծովախորշը ողողող ալիք), իսկ ջրի և ցամաքի միջև ջերմաստիճանների, հետևաբար նաև ճնշումների տարբերության պատճառով հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնց Ասիայի տարածքում կոչում են թայֆուններ:
Խաղաղ օվկիանոսից Չինաստանի ուղղությամբ շարժվող երկու հզոր թայֆունի տիեզերական լուսանկարը
Բազմազան և յուրահատուկ է նաև Համաշխարհային օվկիանոսի օրգանական աշխարհը (մոտ \(160\) հզ տեսակ կենդանի և \(10\) հզ տեսակ բույսեր): Ի տարբերություն ցամաքային տարածքների,`օվկիանոսներում կենդանական աշխարհի կենսազանգվածը զգալիորեն գերազանցում է բուսական աշխարհի կենսազանգվածին, սակայն և՛ բուսականությունը (հիմնականում ջրիմուռները), և՛ կենդանական աշխարհը (հիմնականում ձկները և փափկամորթները) ունեն տնտեսական շատ մեծ արժեք և ապահովում են մարդկանց սննդի պահանջի մի զգալի մասը, իսկ որոշ ազգերի համար, ինչպիսիք են ճապոնացիները, պերուացիները, չիլիացիները, օվկիանոսների ձկնաշխարհը հանդիսանում է մսի հիմնական աղբյուրը: Ձկնաշխարհի ամենամեծ կենսազանգվածը նկատվում է բարեխառն և բևեռամերձ լայնություններում, որտեղ տեղի է ունենում տաք և սառը ջրերի միախառնում կամ ջրերը մշտապես սառն են, ինչը ապահովում է թթվածնի մեծ լուծելիություն ջրի մեջ, որը կենսական անհրաժեշտություն է ձկների համար: Միևնույն ժամանակ տեսակային ամենամեծ բազմազանությունը նկատվում է արևադարձային և հասարակածային լայնություններում, որտեղ սակայն կենսազանգվածն է փոքր: Այսպիսով, ձկան որսի մեծ մասը կատարվում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջին լայնություններում, իսկ առաջատարը Օխոտի ծովն է Խաղաղ օվկիանոսում: Հյուսիսային որոշ ժողովուրդներ դեռ իրականացնում են կետի որս, ինչը երկրների մեծ մասում արգելված է:
Քանի որ համաշխարհային օվկիանոսում իրականացվող ձկան որսը հասել է թույլատրելի սահմանի եզրագծին, առավել արագ է սկսել զարգանալ արհեստական ձկնաբուծությունը ծովերում և օվկիանոսներում: