Գետային ցանցի առանձնահատկությունները
Ընդհանուր առմամբ Եվրասիայի գետային ցանցը բավական խիտ է, ընդ որում խտությունը (գետերի երկարությունը բաժանած տարածքի մակերեսին) օրինաչափորեն մեծանում է մայրցամաքի ներքին շրջաններից ծայրամասեր ուղղությամբ և հարթավայրերից՝ լեռնային տարածքներ:
Մայրցամաքի գետային ցանցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բազմաթիվ հարևան գետային ավազաններ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում միմյանց հետ կապված են արհեստական ջրանցքների միջոցով, որոնք հաճախ նավարկելի են: Արդյունքում նույնիսկ երկրները, որոնք անմիջական ելք չունեն դեպի համաշխարհային օվկիանոս, այդ ջրանցքների և գետերի միջոցով կարողանում են կապվել ծովերին և օվկիանոսներին՝ խիստ բարելավելով իրենց աշխարհագրական դիրքը:
Եվրոպայի նշանավոր ջրանցքներից է Միջինգերմանական ջրանցքը, որն ունի ավելի քան \(325\) կմ երկարություն և կապում է Հռենոս գետը Էլբա, Վեզեր, Էմս և մի շարք այլ գետերի ու լճերի հետ
Գետերի բաշխումը ըստ ջրհավաք ավազանների
Եվրասիայի տարածքում հոսող բազմաթիվ գետերը պատկանում են բոլոր \(4\) օվկիանոսների և ներքին հոսքի ավազաններին: Վերջինիս են պատկանում հիմնականում Կասպից և Արալյան ծովեր թափվող գետերը, քանի որ ինչպես Կասպիցը, այնպես էլ Արալյանը իրականում լճեր են և հետևաբար համաշխարհային օվկիանոսի հետ անմիջական կապ ունենալ չեն կարող: Ներքին հոսքի ավազանին պատկանող հայտնի գետերից են Վոլգան, Ուրալը, Կուրն ու Արաքսը, Ամուդարյան ու Սիրդարյան և այլն: Եվրոպայի գետերի մեծ մասը, ինչպիսիք են Հռենոսը, Սենը, Լուարան, Թեմզան, Դանուբը, Դնեպրը, Դոնը, Տիբրը, Վիսլան, Էլբան, Պոն և այլն պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին, քանի որ դրանք թափվում են ոչ միայն անմիջականորեն Ատլանտյան օվկիանոս, այլև դրան պատկանող Միջերկրական, Սև և Ազովի ներքին ծովեր: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանին պատկանող գետերից առավել հայտնի են Սիբիրի երեք հզոր գետերը՝ Օբը, Ենիսեյը և Լենան: Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանում են Ասիայի արևելքի գետերը՝ Ամուրը, Հուանհեն, Յանցզին և Մեկոնգը, իսկ Հնդկական օվկիանոսի ավազանին՝ հարավի գետերը՝ Գանգեսը և Բրահմապուտրան, Ինդոսը, Եփրատն ու Տիգրիսը:
Եվրասիայի գետային ցանցի բաշխումը ըստ ջրհավաք ավազանների
Խոշոր գետերի նկարագիրը
Եվրոպայի տարածքում շատ են խոշոր և մեծ տնտեսական նշանակություն ունեցող գետերը, որոնք օգտագործվում են ինչպես նավարկության, այնպես էլ ոռոգման և ջրաէլեկտրակայանների շահագործման համար: Այդ գետերից ամենախոշորը Վոլգան է՝ Ռուսաստանի մայր գետը, որը սկիզբ է առնում Վալդայան բարձրավայրից և թափվում է Կասպից ծով՝ ամբողջովին հոսելով Ռուսաստանի տարածքով: Նրա վտակ Մոսկվա գետի վրա է նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան: Միևնույն ժամանակ նավարկելի ջրանցքների համակարգով այն կապվում է ևս \(4\) ծովերի՝ Սպիտակ, Բալթիկ, Ազովի և Սև: Ազովի ծովի հետ կապն իրականացվում է Եվրոպայի ևս մեկ խոշոր, իսկ Ազովի ծով թափվող գետերի մեջ ամենախոշոր գետի՝ Դոնի միջոցով: Վալդայան բարձրավայրից է սկիզբ առնում նաև Ուկրաինայի խոշորագույն գետը՝ Դնեպրը, որը թափվում է Սև ծով և ունի էներգետիկ մեծ նշանակություն: Դնեպրի վրա է կառուցված Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը:
Վոլգա գետի գետաբերանի տիեզերական լուսանկարում հստակ երևում է որքան մեծ է գետի ջրի ազդեցությունը Կասպից ծովի ջրի որակի վրա
Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում է Նևան, որը սկիզբ է առնում Լադոգա լճից և թափվում Բալթիկ ծով: Նրա գետաբերանում է Սանկտ-Պետերբուրգը: Բալթիկ ծովի ավազանին է պատկանում նաև Վիսլան, որը սկիզբ է առնում Կարպատյան լեռներից և հանդիսանում է Լեհաստանի խոշորագույն ու Եվրոպայի խոշոր գետերից մեկը: Նրա վրա են մի շարք նշանավոր Եվրոպական տուրիստական կարևորության քաղաքներ, ինչպիսիք են Գդանսկը, Կրակովը և Վարշավան: Վիսլայից արևմուտք, նրան զուգահեռ, Չեխիայի և Գերմանիայի տարածքով դեպի Հյուսիսային ծով է հոսում Էլբան: Արևմտյան Եվրոպայի գլխավոր ջրային ուղին է Հռենոսը, որը սկիզբ առնելով Ալպյան լեռներից՝ սնվում է այնտեղի սառցադաշտերի և ձների հալքից, ինչի շնորհիվ էլ վարարում է ամռանը: Հռենոսի գետաբերանում է Ռոտերդամ նավահանգիստը, որը ամենախոշորն է Եվրոպայում և խոշորագույններից մեկը աշխարհում: Չնայած իր հսկայական տնտեսական նշանակությանը՝ միակ մայրաքաղաքը, որը գտնվում է այս գետի վրա Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցն է:
Հռենոսի գետաբերանում գտնվող Ռոտերդամ նավահանգիստը կահավորված է բոլոր տեսակի նավերի ու բեռների սպասարկման համար, այդ թվում ներկայումս ամենամեծ պահանջարկ վայելող կոնտեյներային բեռնափոխադրումներ իրականացնող նավերի
Եվրոպայում Վոլգայից հետո երկարությամբ երկրորդը Դանուբ գետն է, որը ի տարբերություն Վոլգայի, հոսում է \(10\) երկրի տարածքով կամ սահմանով և թափվում է Սև ծով: Նրա վրա են կառուցված Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը: Եվրոպայում նշանավոր են նաև Սենը, որի վրա կառուցված է Փարիզը, Ֆրանսիայի ամենաերկար գետը՝ Լուարան, Պիրենեյան թերակղզու ամենաերկար գետը՝ Տախոն, որին Պորտուգալիայի տարածքում անվանում են Թեժու և որի վրա է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը և Ապենինյան թերակղզու երկու խոշոր գետեր՝ Տիբրը և Պոն: Տիբրը թեև երկարությամբ երրորդն է Իտալիայի գետերի շարքում, սակայն ամենանշանավորը, քանի որ նրա վրա է գտնվում Հռոմը: Այն թափվում է Տիրենյան ծով: Նշանավոր է նաև Պո գետը, որը հոսում է Պադանի դաշտավայրով, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Ալպեր և որի գետաբերանում է Վենետիկ քաղաքը, իսկ գետաբերանի հարևանությամբ՝ Սուրբ Ղազար կղզին իր Մխիթարյան միաբանությամբ: Եվրոպայի մայրցամաքային տարածքից դուրս միակ նշանավոր գետը Թեմզան է՝ Մեծ Բրիտանիայի տարածքում, քանի որ նրա շնորհիվ մակընթացության ժամանակ խոշոր նավերը կարողանում են հասնել ծովից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող ներքին շրջաններ և նրա վրա է կառուցված Լոնդոնը:
Թեմզան (ձախից) և Սենը (աջից) անցնում են Լոնդոնի և Փարիզի գլխավոր պատմաճարտարապետական օբյեկտների՝ Բիգ Բենի և Էյֆելյան աշտարակի հարևանությամբ
Ասիայի բազմաթիվ խոշոր գետերից երեքը գտնվում են Սիբիրի տարածքում: Դրանցից Օբ գետը ամենամեծ ջրհավաք ավազանն ունի Ռուսաստանում, Ենիսեյը այդ երկրի ամենաջրառատ գետն է, իսկ Լենան՝ Ռուսաստանի ամենաերկար գետը: Օբն ու Ենիսեյը թափվում են Կարայի ծով, իսկ Լենան՝ Լապտևների: Ընդ որում Օբի խոշոր վտակն է Իրտիշը, որը ավելի երկար է, քան Օբը, Ենիսեյի խոշոր վտակն է Անգարան, որը Բայկալ լճից սկիզբ առնող միակ գետն է, իսկ Լենայի վտակների ավազանում են Ռուսաստանի ոսկու և ալմաստի խոշորագույն հանքավայրերը: Ռուսաստանի և Չինաստանի սահմանով է հոսում Ամուր գետը, որը սնվում է մուսսոնային անձրևներով և վարարում է ամռանը:
Ենիսեյի վրա է կառուցված Ռուսաստանի ամենահզոր, իսկ աշխարհում հզորությամբ \(7\)-րդ ջրաէլեկտրակայանը՝ Սայանո-Շուշենյան ՀԷԿ-ը
Ամուրից հարավ՝ Չինաստանի տարածքում են գտնվում Հուանհեն և Յանցզին: Հուանհեն թարգմանաբար նշանակում է դեղին գետ, քանի որ մեծ քանակի նստվածքներ է լուծում իր մեջ և տեղափոխում Դեղին ծով, որից էլ ծագել է այդ ծովի անունը: Յանցզին Եվրասիայի ամենաերկար գետն է և ներկայումս նրա վրա է գտնվում աշխարհի ամենահզոր ջրաէլեկտրակայանը՝ Երեք Կիրճեր ՀԷԿ-ը: Հուանհեն և Յանցզին միմյանց են կապվում նավարկելի և ոռոգչական Մեծ Չինական ջրանցքով: Ասիայի հարավում ամենանշանավոր գետերից է Մեկոնգը՝ Հնդկաչին թերակղզու տարածքում ամենաերկար գետը, որի դելտան ոչ միայն խոշորագույններից է, այլև ամենահարուստ կենսաբազմազանությամբ տարածքներից մեկն աշխարհում: Խոշոր դելտայով է աչքի ընկնում նաև Հնդկաստանի սուրբ գետը՝ Գանգեսը իր Բրահմապուտրա վտակով: Ընդ որում այդ դելտայում հաճախակի են ջրհեղեղները և յուրաքանչյուր տարի այդ ջրհեղեղներից բազմաթիվ մարդիկ են տուժում կամ մահանում: Երրորդ խոշոր գետը՝ Ինդոսը, թափվում է Արաբական ծով և նրա ավազանում է Թար անապատը: Հնդկաստան պետության անվանումը կապված է այս գետի անվան հետ:
Յուրաքանչյուր Հնդիկի նպատակն է լողանալ սրբազան Գանգեսի ջրերում
Միջին Ասիայի երկու խոշոր գետերն են Սիրդարյան և Ամուդարյան: Ընդ որում Սիրդարյան ավելի երկար է, սակայն Ամուդարյան ավելի ջրառատ, ինչը շատ կարևոր է այս չորային տարածքներում հողերի ոռոգման համար: Երկու գետերն էլ թափվում են Արալյան ծով, սակայն ներկայումս ջրառի պատճառով այդ գետերի գետաբերանում ջուր չի լինում և Արալյան ծովը ցամաքում է: Հարավ-արևմտյան Ասիայի ամենաերկար գետն է Եփրատը, որը սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհում և որի ու Տիգրիս գետի միջին հոսանքի հատվածում է ձևավորվել Միջագետքի դաշտավայրը: