Մակերևույթի առանձնահատկությունները
Եվրասիան ամենամեծ մայրցամաքն է՝ \(54\) մլն կմ² տարածքով: Նրա մակերևույթը աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Նախ այն միակ մայրցամաքն է, որը ձևավորվել է միաժամանակ \(5\) պլատֆորմների վրա և որի տարածքում հանդիպում են աշխարհի խոշորագույն երկու գեոսինկլինալները, ինչի արդյունքում Եվրասիայում տեկտոնական գործընթացները շատ ակտիվ են և բազմազան: Բացի այդ Եվրասիան միակ մայրցամաքն է, որտեղ խոշոր լեռնաշղթաները ոչ միայն մայրցամաքի եզրային հատվածներում են, այլև ներքին: Կարևոր է նաև, որ այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր լեռնաշղթաները և ամենախոշոր հարթավայրերը, որոնք ստեղծում են մակերևույթի ձևերի մեծ բազմազանությունն ու բարդությունը: Այստեղ է գտնվում ինչպես աշխարհի, այնպես էլ առանձին վերցրած հյուսիսային և արևելյան կիսագնդերի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (\(8848\) մ), ինչպես նաև ոչ սառցապատ տարածքների ամենացածր ցամաքային իջվածքը՝ Մեռյալ ծովի կամ Գհորի իջվածքը, որը համաձայն տարբեր գրական և քարտեզային աղբյուրների ծովի մակարդակից ցածր է \(395\)-ից \(405\) մ: Եվրասիան միակ մայրցամաքն է, որտեղ առկա են \(7\) կմ-ից բարձր լեռներ, իսկ ամենացածր և ամենաբարձր լեռների բարձրությունների տարբերությունը ավելին է քան \(9\) կմ: Մայրցամաքում նաև շատ են գործող հրաբուխները, որոնց թվաքանակով Եվրասիան նույնպես առաջին տեղում է աշխարհում, իսկ միջին բարձրությամբ զիջում է միայն սառցապատ Անտարկտիդային: Եվրասիայի միջին բարձրությունը \(870\) մ է:
Եվրասիայի լեռներն ու հարթավայրերը
Եվրասիայում կարելի է հանդիպել երկրաբանական բոլոր հասակների լեռներ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես ծագմամբ, այնպես էլ բարձրություններով: Դրանց շարքում առանձնանում են մի քանիսը:
Եվրոպայի քարտեզ (http://www.encyclopedia.am)
Եվրոպայի երիտասարդ լեռներից են Ալպերը, որոնց վրա է աշխարհամասի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (\(4807\) մ): Ալպերը իրենց հիասքանչ բնության, պարզ ջրերով փոքր լճերի և գեղատեսիլ լեռնային տեսարանների համար հանդիսանում են Եվրոպայի ամենահռչակավոր զբոսաշրջային գոտիներից մեկը: Ընդ որում այստեղ զարգացած են զբոսաշրջության և ամառային և ձմեռային ձևերը: Առաջին ձմեռային օլիմպիական խաղերը \(1924\) թ.-ին նույնպես անց են կացվել Ալպերում գտնվող չքնաղ Շամոնի քաղաքում, որը Ֆրանսիայում է՝ Մոնբլանի լանջին:
Մոնբլանի լանջին գտնվող Շամոնի բնակավայրից Մոնբլան գագաթին (ձախից) և Ալպերին (աջից) բաղվող տեսարաններ
Ալպերից արևելք` Բալկանյան թերակղզուց հյուսիս, միջօրեականի ուղղությամբ ձգվում են Կարպատները, որոնք Եվրոպայի Արևելյան հատվածի ամենախոշոր լեռներն են: Եվրոպայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզու տարածքում նշանավոր են հին և մաշված Սկանդինավյան լեռները, իսկ Եվրոպայի հարավում նշանավոր են Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի մաս կազմող Պիրենյան, Ապենինյան և Բալկանյան լեռնաշղթաները համանուն թերակղզիների տարածքում: Եվրոպան Ասիայից բաժանվում է հին և մաշված Ուրալյան լեռներով, որոնցից հարավ-արևմուտք՝ Սև ծովից Կասպից ծով են ձգվում Կովկասյան լեռները, որոնք եզրավորում են Հայկական լեռնաշխարհը: Մեծ Կովկասյան լեռնաշղթայի բարձր գագաթն է Էլբրուսը: Հայկական լեռնաշխարհը ձգվում է Սև ծովից Կասպից ծով արևելքում և Միջերկրական ծով` հարավում: Բարձր գագաթն է բիբլիական Արարատ լեռը: Հայկական լեռնաշխարհը միջին բարձրությամբ զգալիորեն գերազանցում է հարևան բոլոր բարձրավանդակներն ու լեռնաշխարհները և այդ պատճառով նման է «լեռնային կղզու»:
Բիբլիական Արարատ լեռան գագաթից բացվում է հիասքանչ տեսարան նաև դեպի Էլբրուս լեռը
Հայկական լեռնաշխարհի հյուսիսում են ձգվում ամբողջ Փոքր Ասիայի հյուսիսով անցնող Պոնտական լեռները: Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք է գտնվում Իրանական լեռնաշխարհը՝ Զագրոսի և Էլբուրսի լեռնաշղթաներով եզերված: Ոչ միայն Ասիայի, այլև աշխարհի ամենաբարձր լեռն է Ջոմոլունգման կամ Էվերեստը, որը գտնվում է Հիմալայան լեռների վրա: Հիմալայներից հյուսիս մինչև Կունլուն լեռնաշղթա տարածվում է Տիբեթի բարձրավանդակը, իսկ Կունլունից հյուսիս՝ Պամիրի լեռներից մինչև Գոբի սարահարթ՝ Տյան Շանի լեռները, որոնք չնայած հին են, սակայն նորագույն լեռնակազմական գործողությունների ժամանակ կտրուկ բարձրացել են և ներկայումս ունեն երիտասարդ լեռների տեսք:
Ջոմոլունգման տարվա մեծ մասը գտնվում է «ամպերից վեր»
Եվրոպայի տարածքում ամենախոշոր հարթավայրը Արևելա-եվրոպական հարթավայրն է, որի տարածքում հանդիպում են բազմաթիվ բարձրավայրեր, դաշտավայրեր և ցածրավայրեր, որոնցից են Օկա-Դոնյան ցածրավայրը (դաշտավայրը), Միջինռուսական և Վալդայան բարձրավայրերը և այլն: Վալդայան բարձրավայրից է սկիզբ առնում Ռուսաստանի մայր գետը՝ Վոլգան: Եվրոպայի հյուսիսում է ձգվում Հյուսիս-եվրոպական դաշտավայրը, որը բաղկացած է Հյուսիս-լեհական, Հյուսիս-գերմանական և Հյուսիս-ֆրանսիական դաշտավայրերից: Եվրոպայի հարավում՝ Ապենինյան թերակղզու հյուսիսում է գտնվում Պադանի դաշտավայրը, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ալպեր:
Ասիայի քարտեզ (http://www.encyclopedia.am)
Եվրոպան Ասիայից բաժանող գծի վրա է գտնվում Մերձկասպյան ցածրավայրը, որից հարավ-արևմուտք՝ Հարավ-Արևմտյան Ասիայում նշանավոր են մի շարք հարթավայրեր. Տիգրիս և Եփրատ գետերի միջին հոսանքի ավազանում է Միջագետքի դաշտավայրը, Կուր և Արաքս գետերի միախառնման հատվածում է Կուր-Արաքսյան դաշտավայրը, Արաքս գետի միջին հոսանքի հատվածում՝ Հայաստանի Հանրապետության ամենամեծ հարթավայրն է Արարատյան սարահարթը, որին դաշտ են անվանում, իսկ ավելի հյուսիս՝ Վրաստանի արևմտյան հատվածում՝ Սև ծովի ափամերձ գոտում է Կոլխիդայի դաշտավայրը:
Բաբելոնը և մի շարք հնագույն քաղաքակրթություններ ծագել են Միջագետքի դաշտավայրում
Եվրասիայի ամենախոշոր դաշտավայրն է Արևմտասիբիրականը, որից արևելք տարածվում է Միջինսիբիրական սարահարթը: Ասիայի արևելքում՝ Խաղաղ օվկիանոսի ափին է գտնվում Չինական Մեծ դաշտավայրը, որից հյուսիս-արևմուտք տարածվում է Գոբի սարահարթը: Ասիայի հարավում՝ Հնդստան թերակղզու կենտրոնական գոտում է գտնվում Դեկանի սարահարթը:
Հսկայական աստղաձև բարխանները Գոբի սարահարթի ռելիեֆի նշանավոր ձևերից են