Բնական զոնաների առանձնահատկությունները
Եվրասիան աչքի է ընկնում բնական զոնաների մեծ բազմազանությամբ և տեղաբաշխման մի շարք օրինաչափություններով, որոնք պայմանավորված են մայրցամաքի հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք հսկայական ձգվածությամբ և ռելիեֆի բարդությամբ: Մասնավորապես այստեղ միևնույն լայնության վրա կարող են հանդիպել անապատների և կիսաանապատների, սավաննաների և նոսրանտառների, փոփոխական խոնավ անտառների և այլ զոնաներ: Սակայն ընդհանուր առմամբ պահպանվում է բնական զոնաների հասարակածից դեպի բևեռ ուղղությամբ հերթափոխը: Կլիմայական մարզերի հորիզոնական հաջորդականության պատճառով որոշ բնական զոնաների սահմաններում առանձնացնում են ենթազոնաներ, ինչպես օրինակ բարեխառն անտառների բնական զոնայի դեպքում, որը բաժանվում է տայգայի (փշատերև անտառներ), խառնանտառների և լայնատերև անտառների ենթազոնաների: Մայրցամաքում ամենամեծ տարածքը զբաղեցնում է հենց բարեխառն անտառների բնական զոնան, իսկ խոնավ հասարակածային անտառների և արկտիկական անապատների բնական զոնաները չնչին տարածքներ են զբաղեցնում բուն մայրցամաքի համապատասխանաբար հարավային և հյուսիսային հատվածներում, սակայն ավելի ընդարձակ տարածք են զբաղեցնում հարակից կղզիներում:
 
eurasia.jpg 
Եվրասիայի բնական զոնաները
Բնական զոնաների բնութագիրը
Խոնավ հասարակածային անտառների բնական զոնան տարածվում է Մալայան արշիպելագի կղզիներում և Մալակկա թերակղզու տարածքում: Այստեղ, հասարակածային կլիմայի պայմաններում կարմրադեղին (լատերիտային) հողերի վրա տարածվում են փարթամ անտառները, որոնց բնորոշ բույսերից են արմավենիները, ֆիկուսները, լիանները և այլն: Կենդանական աշխարհը շատ հարուստ է և ներկայացված է ինչպես մարդանման կապիկներով, այնպես էլ գույնզգույն թռչուններով (օր. սիրամարգ), կաթնասուններով (օր. համրուկ), կրծողներով և բազմաթիվ գիշատիչներով (օր. հովազ):
 
Jungle.jpgfikus.jpg
Կալիմանտան կղզու տարածքում տիրապետում են խոնավ հասարակածային անտառները, որտեղ իր յուրահատուկ տեսքով տարբերվում է ֆիկուս ծառատեսակը
 
Մերձհասարակածային կլիմայական գոտու սահմաններում՝ Հնդստան, Մալակկա և Հնդկաչին թերակղզիներում տիրապետում է սավաննաների ու նոսրանտառների բնական զոնան, որտեղ կարմրագորշ հողերի վրա տարածվում են բարձրախոտերը, որոնք ընդհատվում են ակացիաներով: Կենդանական աշխարհից նշանավոր են հնդկական փիղը, որն իր աֆրիկյան բարեկամից ավելի փոքր է և արագավազ վիթը:
 
Նույն լայնությունների վրա, սակայն արդեն Արաբական թերակղզում արևադարձային անապատային կլիմայի պայմաններում ձևավորվում է անապատների և կիսաանապատների զոնան (օր. Ռուբ էլ Խալի անապատը), որը հանդիպում է նաև մերձարևադարձային ցամաքային (Իրանական լեռնաշխարհ) և բարեխառն խիստ ցամաքային կլիմայի պայմաններում (օր. Գոբի անապատ): Այս զոնայում հանդիպում են ինչպես ավազային, այնպես էլ մոխրագորշ և գորշ անապատային հողատեսակները, սակայն Եվրասիայի անապատների և կիսաանապատների զոնայում հազվադեպ են հանդիպում Սահարայի պես անկենդան հատվածներ: Բուսականությունից հանդիպում են սաքսաուլ և օշինդր կոչվող բույսերը, իսկ կենդանական աշխարհից կարիճներ, մորմեր, սարդեր (որոնց թվում նաև տարանտուլ թունավոր սարդը), օձեր և ավելի խոշոր կենդանիներ, օրինակ հսկա մողես վառանը, բորենին, և ուղտը, էշ կուլանը, Պրժևալսկու ձին և այլն:
 
Gobi.jpgTarantul.jpg
Անապատային նույնիսկ անկենդան թվացող հատվածներում կարելի է հանդիպել աշխարհի ամենավտանգավոր սարդին՝ տարանտուլին
  
Մերձարևադարձային միջերկրածովային կլիմայի պայմաններում, դարչնագույն հողերի վրա է ձևավորվել մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների բնական զոնան, որի բուսական աշխարհի նշանավոր ներկայացուցիչն են խցանակաղնին և դափնին:
 
Բարեխառն ցամաքային կլիմայի պայմաններում ձևավորվել է տափաստանների և անտառատափաստանների բնական զոնան, որը Եվրասիայի հացահատիկի շտեմարանն է: Այստեղ են տարածվում խիստ բերրի սևահողերը, որոնք մեծամասամբ օգտագործվում են որպես գյուղատնտեսական հողեր, իսկ բնական բուսականությունից հանդիպում են հացազգի փետրախոտը, շյուղախոտը, երեքնուկը, սիզախոտը և այլն: Կենդանական աշխարհի բնորոշ տեսակներից է դաշտամուկը, իսկ ընդհանուր առմամբ գերակշռում են կրծողները և նրանցով սնվող թռչունները (օրինակ տափաստանային արծիվ, բազե), ինչպես նաև ոզնիները, այստեղ որս անող գայլերը և աղվեսները և այլն:
 
Xcanakaxni.jpgLavrovi list.jpg
Միջերկրածովային ավազանում հանդիպող խցանակաղնին (ձախից) և դափնին (աջից) լայնորեն կիրառվում են մարդու տնտեսական գործունեության մեջ. խցանակաղնու կեղևից են արտադրում գինիների և շամպայնների մեծ պահանջարկ ունեցող խցանները, իսկ դափնու տերևներն օգտագործվում են որպես համեմունք
 
Բարեխառն անտառների զոնան տարածվում է Եվրոպայի ծայր արևմուտքից Ասիայի ծայր արևելք: Ընդ որում Եվրոպայի տարածքում տիրապետում է բարեխառն ծովային կլիմայի մարզը, ինչի արդյունքում այստեղ ձևավորվում է բարեխառն լայնատերև անտառների բնական ենթազոնան, իսկ Սկանդինավյան թերակղզու ներքին շրջաններում և Արևելաեվրոպական հարթավայրի տարածքում գերակշռում են խառնանտառները, քանի որ այստեղ տեղումների քանակը մի փոքր նվազում է և կազմում է \(600-700\) մմ: Ուրալյան լեռներից արևելք տարածվում է տայգան, իսկ Խաղաղ օվկիանոսի ափերին դարձյալ հանդիպում են լայնատերև անտառները: Այս ենթազոնաները միմյանցից տարբերվում են հողատեսակով և բուսական աշխարհով, իսկ կենդանական աշխարհը հիմնականում նույնն է: Այստեղ հանդիպում են գորշ արջ, սկյուռ, գայլ, եղնիկ, իշայծյամ, բու, մայրեհավ, խլահավ և այլն: Տայգայի ենթազոնայում պոդզոլային հողերի վրա աճում են սոճի, եղևնի, խեժափիճի և այլն, լայնատերև անտառներում՝ գորշ անտառային հողերի վրա, աճում են հաճարենի, կաղնի, հացենի, լաստենի և այլն, իսկ խառնանտառներում՝ ճմապոդզոլային հողերի վրա աճում են ինչպես տայգային, այնպես էլ լայնատերև անտառներին բնորոշ ծառատեսակները:
 
tayga.jpgTiger Amur.jpg
Ուրալյան լեռներից արևելք տարածվում է անծայրածիր տայգան, որի իրական արքան՝ Ամուրյան վագրը, ներկայումս գտնվում է անհետացման վտանգի եզրին
 
Բարեխառն անտառներից հյուսիս տարածվում է տունդրայի և անտառատունդրայի գոտին, որտեղ տունդրագլեյան հողերի վրա աճում են ինչպես գաճաճ ծառատեսակներ, այնպես էլ մամուռ և քարաքոս: Կենդանական աշխարհից հանդիպում են հյուսիսային եղջերու, բևեռային բու, և հարակից անտառներին բնորոշ կենդանատեսակներ: Եվրասիայի ծայր հյուսիսում և հարակից կղզիներում արկտիկական կլիմայական գոտու սահմաններում տարածվում է արկտիկական անապատների բնական զոնան, որն աչքի է ընկնում խիստ բնակլիմայական պայմաններով, ինչի արդյունքում այստեղ հողերի ձևավորման գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում և հիմնականում հանդիպում են կմախքային հողերը, որոնք լիարժեք հող չեն: Այստեղ միայն ամառային կարճ ժամանակահատվածում աճում են մամուռներ և քարաքոսեր: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են բևեռային գայլը, բևեռային աղվեսը, սպիտակ արջը և առափնյա ջրերում հանդիպող բազմաթիվ ջրային կաթնասունները և ձկնաշխարհը:
 
tundra1.jpg
Ամառային ամիսներին առատորեն աճող գետնատարած բուսականությունը լիովին բավարարում է տունդրայի զոնայի հսկայի՝ հյուսիսային եղջերուի սննդի պահանջը