Աֆրիկայի կլիմայական առանձնահատկությունները
Աֆրիկան, շնորհիվ աշխարհագրական դիրքի, հանդիսանում է ամենատաք մայրցամաքը:
Կլիմայի վրա ազդող գործոնները
Հայտնի է, որ կլիմայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ. աշխարհագրական դիրքը, օվկիանոսային հոսանքները, ռելիեֆի բնույթը, լանջերի դիրքադրությունը, օվկիանոսներից և ծովերից հեռավորությունը, տեղանքի բացարձակ բարձրությունը և այլն:
Այսպես, աշխարհագրական դիրքի պատճառով Աֆրիկայի տարբեր հատվածներում տարբեր են գերիշխող օդային զանգվածները և սեզոնայնության արտահայտվածությունը:
Օրինակ՝ մերձհասարակածային կլիմայական գոտում ամառները խոնավ են, իսկ ձմեռները՝ չորային:
Աֆրիկայի ֆիզիկաաշխարհագրական քարտեզ
Օվկիանոսային հոսանքների ազդեցությամբ մայրցամաքի հարավ արևմտյան հատվածը խիստ չորային է, իսկ հարավ-արևելքը՝ խոնավ: Դրակոնյան և Կապի լեռները իրենց հերթին թույլ չեն տալիս խոնավաբեր օդային զանգվածներին ներխուժել Կալահարի սարահարթի տարածք՝ դարձնելով այն անապատա-կիսաանապատ: Մինչդեռ այդ լեռների հողմակողմ լանջերը ստանում են առատ տեղումներ, որոնք հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա ընթացքում: Արևի զենիթային դիրքի փոփոխությանը զուգահեռ պասսատների սեզոնային տեղաշարժի պատճառով մերձարևադարձային կլիմայական գոտում ամառները չափազանց չոր են լինում և տաք, իսկ Կամերուն լեռը, գտնվելով Գվինեական ծոցի ափին, մի շարք գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են Գվինեական տաք հոսանքը, հասարակածին մոտ գտնվելը, մերձափնյա դիրքը, բացարձակ բարձրությունը, ստանում է \(5000-10000\) մմ տեղումներ՝ վերածվելով Աֆրիկայի ամենախոնավ վայրի:
Կամերուն լեռը
Կլիմայական գոտիների և մարզերի բաշխման տարածական օրինաչափությունները
Աֆրիկայի տարածքում առանձնացնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիները:
Աֆրիկայի կլիմայական գոտիները և մարզերը
Կլիմայական գոտիների բնութագիրը
Հասարակածային գոտում տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են \(+25-27\)°C սահմաններում: Ընդ որում առավելագույնին հասնում է աշնան և գարնան սեզոնին, երբ Արեգակը «գտնվում է» հասարակածի վրա, իսկ ամռանը և ձմռանը միջին ջերմաստիճանները \(+25\)°C սահմաններում են պահպանվում: Տեղումների քանակը \(2000-3000\) մմ-ի սահմաններում է շնորհիվ հակապասսատների, որոնք ամբողջ տարի տիրապետում են այս հատվածում՝ առաջացնելով զենիթային անձրևներ:
Մերձհասարակածային գոտում տեղումների քանակը կրճատվում է մինչև \(1500-1600\) մմ և առաջանում է տեղումների սեզոնայնություն. ամառները խոնավ են` շնորհիվ հասարակածային օդային զանգվածների ներխուժման, իսկ ձմեռները՝ չորային՝ շնորհիվ արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Արևադարձային գոտում տարեկան միջին ջերմաստիճանները մշտապես \(+15\)°C-ից բարձր են, բացառությամբ լեռնային շրջանների: Գոտու անապատային մարզում տեղումների քանակը աննշան է պասսատների պատճառով՝ \(50-100\) մմ սահմաններում: Հարավային կիսագնդում արևադարձային կլիմայական գոտու արևելյան հատվածը խոնավ է շնորհիվ Մոզամբիկի և Ասեղի տաք հոսանքների ազդեցության և լեռնային ռելիեֆի:
Մերձարևադարձային գոտու վրա մեծ են արևմտյան քամիների ազդեցությունը: Միջերկրածովային մարզում ձմեռները արևմտյան քամիների շնորհիվ մեղմ են և խոնավ՝ \(800-1000\) մմ տեղումներով, իսկ ամառները՝ չոր և շոգ՝ շնորհիվ պասսատների: Մերձարևադարձային խոնավ մարզում տեղումներն առատ են և հավասարաչափ բաշխված ամբողջ տարվա ընթացքում: