Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1959թ.-ին։ Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։ 1999թ.-ին դպրոցն անվանակոչվել է հերոս-ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անունով: 2006թ.-ին դպրոցն ընդգրկվել է “Լինսի” հիմնադրամի դպրոցաշինության ծրագրում: 2008թ.-ի սեպտեմբերին դպրոցը պաշտոնապես վերաբացվել է՝ ամբողջությամբ վերանորոգված և նոր գույքով:
Դպրոցը հիմնական է՝ 1-9-րդ դասարանների համար։ Հնգօրյա է, երկհերթ: Դպրոցում սովորում է շուրջ 1600 աշակերտ: Ուսուցանվում է 3 օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու՝ խորացված: Ունի երկարօրյա խմբեր, արտադասարանական խմբակներ՝ պարի, երգչախմբի, բասկետբոլի և նետաձգության, որոնք մրցունակ են արհեստավարժ խմբերի հետ և փայլուն արդյունքներ ու հաղթանակներ են գրանցում բոլոր մրցույթներում։
Դպրոցն ունի տարիքային առանձնահատկություններին համապատասխան դպրոցական գույքով կահավորված դասարաններ և մեթոդական դասասենյակ, հարուստ գրադարանային ֆոնդով գրադարան, անհրաժեշտ մարզագույքով կահավորված սպորտդահլիճներ, բացօթյա մարզահրապարակ և ժամանակակից տեխնիկայով հագեցած հանդիսությունների դահլիճ:
Դպրոցում գործում է համակարգչային դասարան, որը համալրված է 15 համակարգիչներով: Իսկ թվով 7 դասասենյակներում կան պրոյեկտորներ և «Smart» գրատախտակներ իրենց համար նախատեսված նոութբուքերով, ինչն առավել ինտերակտիվ և ընդգրկուն է դարձնում ուսուցումը։ Դպրոցի ուսուցչանոցներում, գրադարանում և վարչական սենյակներում ևս առկա են համակարգիչներ: Դպրոցի ողջ տարածքում 2019թ.-ին տեղադրվել է ինտերնետային ցանց, ինչն առավել հեշտ է դարձնում ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներով ուսուցումը։
Դպրոցն ունի շուրջ 100 ուսուցչից բաղկացած կուռ կոլեկտիվ:
“Մենք սիրում ենք մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր ուսուցիչներին, մեր ծնողներին ու աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ:
Մեր կրթօջախի ուժը նրա միասնության մեջ է, հաջողությունը` սիրո ու վստահության”: