Հայ խոշորագույն գրող, խոսքի վարպետ Դ.Դեմիրճյանի անունն է կրում հ.27 դպրոցը:
Այն հիմնադրվել է 1941-42 ուստարում Մ.Աբեղյանի անվան հ.3 դպրոցի շենքում: Դպրոցական միակ շենքում եռահերթ պարապմունքներն անց են կացրել երեք դպրոց. 1-ին հերթում` հ.3 դպրոցը, 2-րդ հերթում` հ.27 դպրոցը, 3-րդ հերթում` երեկոյան դպրոցը:
1944-45 ուստարում հ.27 դպրոցը, ի պատիվ մեծ գրողի, կոչվել է Դ.Դեմիրճյանի անվամբ:
1955-56 ուստարին նշանակալից էր նրանով, որ Դ.Դեմիրճյանը մասնակցել է հայոց լեզվի և գրականության հասունության ատեստատի քննություններին և քննող ուսուցիչ Վիկտորյա Ենգիբյանի հետ ուրախացել սաների բանիմաց պատասխանների համար:
1959-60 ուստարվանից հ.27 դպրոցը առանձնանում և տեղափոխվում է ներկայիս շենքը, իսկ դպրոցի աշակերտական կոնտիգենտը կոմպլեկտավորվել է` սկսած Ծերեթելի փողոցից մինչև 3-րդ մաս ընկած տարածքը:
1959-60 ուստարվանից մինչև 1970-71 ուստարին դպրոցի տնօրենն է եղել ճանաչված մանկավարժ Անիկ Թադևոսյանը: 1970-71 ուստարվանից մինչև 1976-77 ուստարին հ.27 դպրոցի տնօրենն է եղել եռանդուն, բանիմաց մանկավարժ Սամսոն Աբելյանը: 1977թ. մեծ շուքով նշվում է Դ.Դեմիրճյանի 100-ամյա հոբելյանը: Հոբելյանի առթիվ դպրոց էին եկել պաշտոնյա անձիք, տարբեր հանրապետություններից, քաղաքներից ժամանած հյուրեր, մեծ գրողի հարազատները և, բնականաբար, ուսուցչական և աշակերտական ողջ կոլեկտիվը: